Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղի գյուղապետը դեմ է Կառավարության կողմից իրականացվելիք համայնքների խոշորացման ծրագրին և նշում է, որ դա լրիվ կքանդի գյուղերը:
«Համայնքների խոշորացումը չի կարող լինել համայնքների օգտին: Հիմա բոլոր 10-11 գյուղերը պետք է միացնեն Մեղրիի տարածաշրջանին և Մեղրին լինի կենտրոնը ու այնտեղ յուրաքանչյուր գյուղից մի ներկայացուցիչ պետք է նշանակվի: Բայց այդ գյուղերը կքանդվեն, մեզնից վերև մի քանի գյուղ կա, որ այնտեղ մարդիկ մնում են զուտ գյուղապետերի շնորհիվ: Բայց եթե այդ գյուղապետերն էլ չլինեն, մարդիկ կթողնեն կգնան: Ճիշտ է, հիմա էլ կա հոսք գյուղերից, բայց դա կանգնեցնելու համար, թող ուրիշ ձև մտածեն: Եթե գյուղը միացնում են քաղաքին, ապա պարզ է, որ քաղաքի բնակիչներին լավ կնայեն, գյուղերին էլ ուշադրություն չեն դարձնի»,- ասում է Լեհվազի գյուղապետ Սասուն Զաքարյանը:
Այսօր 720 բնակիչ ունեցող Լեհվազ գյուղում ժամանակին 60 տոկոսով թուրքեր են բակվել: Ղարբաղյան շարժումից հետո նրանք գյուղերը լքել են և այստեղ վերաբնակեցվել են Բաքվից ու Նախիջևանից եկած հայերը:
Գյուղապետը նշում է, որ այսօր գյուղի հիմնական խնդիրը տուն ունենալու խնդիրն է: Երիտասարդները ամուսնանում են, բայց տուն չկա, որ ապրեն, բոլորը բնակեցված է:
«Ցավում եմ, որ համայնքում տուն չկա, հիպոթեկային վարկ չեն տալիս գյուղացու տան համար»,- ասում է Զաքարյանը:
Անդրադառնալով վաճառվող ապրանքների գներինˋ գյուղապետը նշում է, որ իրենց մոտ ամեն ինչ կրկնակի թանկ է:
«Պարսկաստանից ապրանքները որ մտնում են Հայաստան, ավտոբուսներով տանում են Երևան: Այնտեղ բեռնաթափում են ու նորից ճանապարհ կտրում հետ բերում մեր տարածաշրջան, դրա համար թե խանութներում, թե ուտելու տեղերում ամեն ինչ թանկ է մեզ մոտ: Այստեղ տեղ չկա, որ ապրանքները բեռնաթափեն, ստիպված տանում են ու նորից հետ բերում: Նույնը և պարսկական գազն է, որ մեր գյուղի վերևով անցնում է, բայց ոչ մի օգուտ չունենք դրանից, գյուղը գազաֆիկացված չէ»,-ասում է Զաքարյանը:
Նա հավելում է, որ 3-4 տարի առաջ գազաֆիկացման համար ամբողջ նախահաշիվը արվել է, բայց չի իրագործվում:
«Այդ տեղը կա, որ գազի բաշխիչ ցանցը սարքեն, նախահաշիվը կա, որ խողովակները անցկացնեն, գազը այստեղից վերցնեն տներին տան: Ամբողջ Մեղրիի տարածաշրջանում արել են այդ նախահաշիվը, երևի մոտավորապես 80 հազար, 60 հազարդ դոլար կարժենա դա իրականացնելը»,-ասում է Զաքարյանը: