ՀՀ Սյունիքի մարզի Բարձրավան գյուղում բնակիչները դեմ չեն համայնքների խոշորացմանը: Այդ մասին Araratnews.am-ի հետ զրույցում վստահեցրեց Բարձրավան համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանը:
«Մեր համայնքը շատ փոքր է, բյուջեն՝ եւս, որով հնարավոր չէ ոչ մի բան անել, դրա համար խոշորացմանը վատ չեն վերաբերվում»,- ասաց համայնքի ղեկավարը:
Ապա հավելեց՝ ճիշտ կլիներ վերադառնալ սովետական ժամանակների կառավարման ձևին:
«Էդ մտահոգությունը կա, բայց հիմնականում բողոքավոր են խոշոր համայնքները, որոնց բյուջեում գումար կա, պետությունն էլ մեծ չափով դոտացիաներ է տալիս, կարողանում են ինչ-որ բաներ անել, իսկ մենք՝ ոչ»,- նշեց Բարձրավան համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ համայնքի բյուջեն՝ եկամուտների հետ մասին տարեկան 5.5 միլիոն դրամ է կազմում, որը հազիվ բավարարում է աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերը վճարելուն:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակիչներին, սակայն, մտահոգում է այն, որ ավագանու կազմում իրենք ներկայացուցիչ չեն ունենա:
Նշենք, որ համայնքների խոշորացում է նախատեսված Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի եւ Սյունիքի 118 համայնքներում, որի արդյունքում կստեղծվի 15 փունջ համայնք: