Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կիրակի երեկոյան «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները տարածել են նոր տեսանյութ, որում պատկերված է անցյալ տարի Լիբիայում գերեվարված 21 եգիպտացու սպանությունը:
Այս միջադեպն առաջացրել է միջազգային հանրության բուռն արձագանքը: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ «իր մտքերով այժմ սպանված քրիստոնյաների հարազատների հետ է»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է ահաբեկիչների կողմից հնչող «այլատյացության կոչերը»:
Տեղի ունեցածը դատապարտել են նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարությունները:
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների ու Մեծ Բրիտանիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: