ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբում այսօր՝ ապրիլի 7-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին եւ Պիեռ Անդրյուին, որին ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Արցախի պաշտպանության նախարարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում վերջին շրջանում տեղ գտած զարգացումներին, ներկայացրել անհերքելի ապացույցներ ադրբեջանական ռազմական ագրեսիայի եւ մասնավորապես՝ խաղաղ ազգաբնակչության դեմ կատարված անմարդկային քայլերի վերաբերյալ:
Համանախագահներն, իրենց հերթին, վերահաստատել են խաղաղ բանակցությունների ճանապարհով հիմնախնդիրը լուծելուն միտված քայլերի անհրաժեշտությունը եւ քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք հետագա գործընթացների հեռանկարը: