տուն Լուրեր Համահայկական խաղերի 20-ամյա պատմության լավագույն բացման արարողությունն ենք ունենալու. Իշխան Զաքարյան

Համահայկական խաղերի 20-ամյա պատմության լավագույն բացման արարողությունն ենք ունենալու. Իշխան Զաքարյան

183
0

Համահայկական 7-րդ ամառային խաղերի՝ Ստեփանակերտում այսօր կայանալիք բացման հանդիսավոր արարողությունը լավագույնը կլինի խաղերի անցկացման 20-ամյա պատմության մեջ:

Նման համոզմունք է հայտնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ Արցախի Հանրապետության մայրաքաղաքում ունեցած ճեպազրույցի ընթացքում:

 Համահայկական 7-րդ խաղերին մասնակցում է 35 պետության 161 քաղաք: Խաղերին մասնակցելու են քաղաքների պատվիրակությունները: 17 մարզաձևում խաղարկվելու է մեդալների 105 հավաքածու: Ինչպես հայտնի է, Արցախում 5 մարզաձևի մրցումներ կընթանան մինչև օգոստոսի 7-ը, իսկ արդեն օգոստոսի 9-ից կսկսվի խաղերի երկրորդ մասն արդեն Հայաստանում.

«Ավելի քան 5 հազար մարզիկ Համահայկական խաղերի մասնակցության հայտ է ներկայացրել: Մարզական պատվիրակությունների հետ միասին ունենք նաև հյուրեր՝ մարզիկների հարազատները, սփյուռքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ևս եկել են Արցախ ու մասնակցելու են խաղերի բացման հանդիսավոր արարողությանը»,- ասել է Իշխան Զաքարյանը:

Իսկ ինչով է բացառիկ Համահայկական խաղերի բացման արարողությունը հենց Արցախում անցկացնելը.

«Ես էլ եմ շատ լսել նման արտահայտություն: Ես ինքս երբ խոսում եմ բացառիկ լինելու մասին, նախևառաջ նկատի ունեմ Արցախի հանգամանքը, որովհետև Արցախում այս արարողությունն անցկացնելն ուներ որոշակի բարդություն, չեմ թաքցնում: Կային նաև որոշակի ռիսկեր, բայց հիմա վստահ կարող եմ ասել, որ բոլոր ռիսկերն անցյալում են:

Այս խաղերը լինելու է Համահայկական խաղերի 20-ամյա պատմության լավագույն խաղերից մեկը: Իսկ բացման արարողությունը, կարծում եմ, կարող է լինել նաև լավագույնը»,- իր խոսքում նշել է Իշխան Զաքարյանը՝ չցանկանալով մանրամասներ ներկայացնել այսօր երեկոյան կայանալիք բացման արարողությունից.

«Բացման արարողությունը շատ գեղեցիկ է լինելու: Չեմ կարող շատ մանրամասներ ներկայացնել: Մարզադաշտում և հեռուստատեսությամբ կտեսնեք»,- ասել է  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը:

Մանրամասն՝ armsport.am