Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (3 արկ): Հաղորդագրության մեջ ասվում է՝ կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում արձանագրվել է երկու միջադեպ: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը:
Նշենք, որ ապրիլի 5-ից հետո գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը խախտել է կրակի դադարեցման մասին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է ե´ւ վիրավորներ, ե´ւ զոհեր: Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ
— Չնայած կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, հակառակորդը շարունակում է կրակել, ու գրեթե ամեն օր ունենում ենք կամ զոհ, կամ վիրավոր: Ըստ Ձեզ այս իրավիճակը որքա՞ն կշարունակվի, հնարավո՞ր է առաջիկայում ադրբեջանական կողմը նորից անցնի լայնածավալ հարձակման:
-Լայնածավալ պատերազմական գործողությունների նոր բռնկումն, իհարկե, բոլորովին բացառել չեմ կարող, սակայն կարծում եմ, որ այժմ առնվազն երկու-երեք ամսով հարաբերական դադար կլինի, որի ընթացքում պաշտոնական Բաքուն աշխույժ առևտրի մեջ կմտնի Ռուսաստանի հետ, որպեսզի վերջինիս պահանջ-առաջարկներն ընդունելու դիմաց փորձի կորզել մեր շահերին արմատապես հակասող առավելագույն զիջումները: Այս ընթացքում հակառակորդը կաշխատի, այդուհանդերձ, թեժ պահել իրավիճակը ճակատային գծում:
— Մոտենում է ապրիլի 24-ը: Հակառակորդը սովորաբար այդ օրերին եւս լարում է իրավիճակը, ի՞նչ եք կարծում՝ նույն կերպ կվարվի՞ նաեւ այս անգամ:
— Գուցե որոշ չափով ավելացնի ճնշումը, բայց քիչ հավանական եմ համարում, որ կփորձի լուրջ գրոհ ձեռնարկել: Ամեն դեպքում հարկավոր է միշտ զգոն լինել:
— Հայկական կողմը փորձում է պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն շատերն են պնդում, որ դա ի վնաս մեզ է լինելու, Դուք ե՞ւս այդ կարծիքին եք:
-Ես չեմ համարում, որ մեր գերնպատակը պետք է լինի հենց միայն հրադադարի պահպանումը: Հրադադարն ընդամենը բարենպաստ բանակցային միջավայր ապահովելու կարևոր միջոց է, որը տեսականորեն թույլ է տալիս հակամարտության մեջ ներգրավված կողմերին առավել հանգիստ պայմաններում և առանց անհարկի մարդկային զոհերի փորձել գտնել հակամարտության խաղաղ կարգավորման փոխընդունելի բանաձևը: Կարծում եմ, որ հայկական կողմերը պետք է վերջապես սկսեն իրապես աշխատել քաղաքական և դիվանագիտական մակարդակներում՝ կարգավորման գործընթացի համատեքստում նոր մոտեցումներ ներդնելու ուղղությամբ: Թարմ ու արդյունավետ բանակցային նոր մոտեցումների ի հայտ գալը կարող է նաև որոշակիորեն ազդել ճակատային գծում առկա իրավիճակի վրա: