«Գտնում եմ, որ Սասունը այն մարդկանցից է, որ ազատ, անկախ Հայաստանի համար նույնիսկ իրենց կյանքը չեն խնայել», — այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին, ասաց ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Հիշեցնենք՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է 3 թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանն ու «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը:
Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ այս պայքարում ընդդիմութունը պետք է սատարի Սասուն Միքայելյանին: «Հակառակ դեպքում՝ ի՞նչ ընդդիմություն»,- ասաց նախկին ԱԱԾ աշխատակիցը:
Անդրադառնալով այն փաստին, որ ՀԱԿ-ը հրաժարվեց Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի առաջարկած մարդկանց, Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Քանի որ ես եղել եմ ՀԱԿ-ում, չէի ցանկանա քննադատել և ոչնչացնել ՀԱԿ-ին: Իհարկե, հիմա կապ չունեմ իրենց հետ, բայցևայնպես մտածում եմ, որ պետք է իրենք լավ մտածեն, թե ինչ են անում: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը սխալվեց` իր տեղերը Սասունին չտալով, նրանք լուրջ սխալվեցին… ՀԱԿ-ը, այսպես վարվելով, կոպտագույն սխալ թույլ տվեց»,- ասաց Եղիազարյանը: