«ՀՀ Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվության»շուրջ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանն իր ելույթը սկսեց հետևյալ հայտարարությամբˋ «Մենք բոյկոտում ենք այս քննարկումը և ես իմ ձայնի իրավունքից օգտվում եմ բացատրելու, թե ինչու է ՀԱԿ-ը բոյկոտում քննարկումը: Մենք վիրավորված չենք, ոչ էլ նվաստացած, ոչ էլ Վերահսկիչ պալատի հարգանքի կարիքն ունենք, այլ պարզապես արձանագրում ենք, որ համաձայն ԱԺ կանոնակարգի մասին 101-րդ հոդվածի, որը կարգավորում է պալատի քննարկման կարգըˋ ասվում է, որ քննարկման ժամանակ պետք է զեկույց ունենա պալատի տնօրենը, մինչդեռ ես այստեղ չեմ տեսնում Իշխան Զաքարյանին:
Մեզ փորձում են հանգստացնելˋ ասելով, որ նախագահի տեղակալը կարող է փոխարինել նախագահին, եթե նախագահը հանրապետությունում չէ, մինչդեռ կանոնակարգում հստակ նշված է, որ տեղակալը չի կարող փոխարինել նախագահին հաշվետվություն ներկայացնելիս: Եկեք արձանագրենք, որ հիմա քննարկմանը ներկա է ոչ թե պալատի տեղակալը, այլ խորհրդի անդամը, ուստի քննարկումն անօրինական է»,-իր ելույթում նշեց Լ. Զուրաբյանը:
Ըստ խմբակցության անդամի՝ Իշխան Զաքարյանի բացակայությունը ունի մեկ բացատրություն. «2012-ի հաշվետվություններից հետո իրարանցում առաջացավ քաղաքական վերնախավի մոտ և պարզ դարձավ, որ պետական միջոցների բացահայտ թալան է տեղի ունենցել: Մինչ այդ Իշխան Զաքարյանը բավականին լուրջ համագործակցում էր ԱԺ-ի հետ և այցելում էր նաև խմբակցություններ, մինչդեռ հիմա, անգամ քննարկմանը ներկա չէ: Իշխանություններն անընդհատ հետաձգվում էին այս քննարկումը, իսկ հիմա նման քննարկում կազմակերպելով փորձում են խուսափել լիարժեք քննարկումից»,-նշեց Լ. Զուրաբյանը:
Իր ելույթի վերջում նա հորդորեց և պահանջեց ԱԺ-ից՝ պարզել Իշխան Զաքարյանի բացակայության պատճառները և հայտնել իրենց:
Վարդուհի Ստեփանյան