Անցնող տարին գյուղատնտեսության համար ծանր տարի էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը. «Ունեցանք երկարատև ցրտահարություններ հունվար ամսին, երաշտ՝ ամռան և աշնան առաջին ամիսներին, այնպես որ, ասել, թե բարենպաստ տարի էր, իհարկե՝ ո՛չ: Խնդիրներ ունեցանք անասնակերի հետ կապված, բանջարեղենի հետ, խաղողի արտադրության հետ: Ծանր տարի էր, և այն աշխատանքները, որ պետք է կատարվեին, ապահովեին գյուղացուն էն ռեսուրսներով, որը նա պետք է ներդներ հողի վրա, ցավոք, չկատարվեցին»:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, Հրաչ Բերբերյանն ընդգծեց. «Հաջորդ տարվա համար էլի մտահոգված ենք, այդպես էլ պարզ չէ՝ պարարտանյութը գյուղացին կստանա՞, թե՞ էդ շուկան կազատականացվի: Նույն դիզվառելիքը. տարբեր կարծիքներ են նախարարությունում քննարկվում, մեկ ուզում են ֆինանսավորել, մեկ՝ չֆինանսավորել: Մեր խորին համոզմամբ՝ պարարտանյութը պետք է ազատականացվի և մրցակցության դաշտ բերվի, այն պետք է վաճառվի խանութներում»:
Բանախոսը հավելեց, որ պետության կողմից պետք է սուբսիդավորվեն այն կուլտուրաները, որոնք հնարավոր կլինի արտահանել. «Էսօր էս վիճակը բերել է նրան, որ ռուս ֆերմերի համար արտադրության համար ավելի լավ պայմաններ կան, քան հայ ֆերմերի, որը մեկ պարկ պարարտանյութի համար 1000-2000 դրամ գումար պետք է տա, իսկ ռուս ֆերմերը 4-5 անգամ էժան է էդ պարարտանյութը ստանում»: