Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը խոսեց հացի և ալյուրի գների տատանումների մասին.«Հայտարարեցին, որ ալյուրի գների մեծ տոկոսի՝ մոտավորապես 30 տոկոս անկում կա: Մենք սկսեցինք հետաքրքրվել, հետազոտություններ անել, տարբեր տնտեսվարողների հետ շփվեցինք, և բոլորը զարմանքով են ասում, որ ալյուրի գների 30 տոկոսի անկում չկա. առավելագույնը 9-10 տոկոս է իջել»:
Բանախոսի խոսքով՝ հնարավոր է այդ 30 տոկոս ցածր գնով ալյուրը որոշ տնտեսվարողներ դրսից են ձեռք բերում:
Ինչ վերաբերում է ալյուրի գների անկման պարագայում հացի գնի պահպանմանը, Չիլինգարյանը նշեց.«Ինչպես կարող է հացը էժանանալ, երբ ալյուրի բաղադրության մեջ շատ այլ բաղադրիչներ կան: Հացի գինը չի էժանանում, որովհետև հացի արտադրությունը կապված է նաև էլեկտրաէներգիայի հետ, իսկ մեզ մոտ դրա սակագինը բարձրացել է: Իսկ եթե, այնուամենայնիվ, հացի գնի հետ էլ կապված տատանում լինի, շատ չի լինի՝ 3-5 տոկոս»:
Կարեն Չիլինգարյանի հավաստմամբ՝ այսօր հացի արտադրության ոլորտում միայն գինը չէ, որ խնդիր է. շատ այլ բացթողումներ կան.«Այդ ոլորտը շատ ազատ է, մենաշնորհ չկա, որը բերել է նրան, որ այսօր ով որտեղ, ինչպես, ինչ նկուղում ասես, հաց է արտադրում: Տեղափոխման հարցը ևս դեռ լուծված չէ, միչև հիմա բանանի արկղերով են հաց տեղափոխում: Այս ամենին հետևող չկա, որը պետք է լիներ սննդի անվտանգության տեսչությունը»: