Araratnews.am-ի լրագրողը առաջիկա Սահմանդրական հանրաքվեի վերաբերյալ հարցումներ է իրականացրել հանրապետության երկրորդ քաղաքում: Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ գյումրեցիները հստակ կողմնորոշված են՝ «Ոչ» են ասելու: Ավելին, գյումրեցիները կոչ են անում ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ կողքի դնել բոլոր տեսակի առօրյա խնդիրները եւ պայքարել Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների ծրագիրը տապալելու համար:
Հարցվածների զգալի մասը մեր լրագրողի հետ զրույցում միաբերան նշել են. որ որ նոր Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանն ուղղակի փորձում է իր իշխանության հավերժացման խնդիրները լուծել: «Այո» ասել Սահմանադրական այս փոփոխություններին, ըստ գյումրեցիների, նշանակում է «այո» ասել թալանին, արտագաղթին, մենաշնորհներին, ու մոռանալ երբեւէ բարեկեցիկ ապրելու հույսերի մասին: Նշենք նաև, որ հարցախույզի ընթացքում հանդիպել են նաև այնպիսի քաղաքացիներ, ովքեր նշել են, որ իրենց ընդհանրապես չի հետաքրքրում սպասվող հանրաքվեն:
Ներկայացնում ենք հարցված գյումրեցիների կարծիքները.
«Ես ապրում եմ տնակի մեջ, ինձ ոչ Սահմանադրությունն է հետաքրքրում, ոչ իրենց «այո»-ն ու «ոչ»-ը, ինձ համար թիվ մեկ խնդիրն այս պահին ձմռան վառելիքիս հարցն է, որ մի տեղից հայթայթեմ բերեմ, երեխեքս չսառեն, հիվանդանան: Սերժը թքած ունի մեզ նման խեղճուկրակ ժողովրդի վրա, ինքն ինչ ուզում անում է, ով ասեց, որ իմ «այո»-ին կամ «ոչ»-ին է նայում: Տնակում ապրելով ինչ հիվանդություն ասես ձեռք չբերեցինք, օր է եղել, որ սոված են երեխեքս քնել, բայց ում ասես, ինչ ասես, անտեր ենք մենք, մեզ լսող ու օգնող չկա: Այնպես որ ինձ քաղաքական հարցեր մի տվեք, ես էնքան դարդ ու ցավ ունեմ, որ դա ինձ չի հետաքրքրում»,- մեզ հետ զրույցում նշեց 65-ամյա Ժենյա Ասլանյանը:
«Համակարգն ամբողջությամբ պետք է փոխվի, սա չարիք է հայ ժողովրդի համար: Ինչքան էլ Սահմանադրություն ուզենան փոխել, միևնույն է դրանից ՀՀ քաղաքացու վիճակը չի փոխվելու, իրնք մենակ իրենց մասին են մտածում, ու այս ամենն էլի իրենց գրպանի համար են անում: «Ոչ» եմ ասելու ընտանիքիս հետ միասին այս մեյմունությանը»,- ասաց 49-ամյա Սարգիս Բարսեղյանը:
«Այս գող, թալանչիների դեմ պայքարել է պետք: Հին թե նոր Սահմանադրություն՝ կապ չունի, սրանք նույն ավազակներն են, ժողովուրդը ոչ մի լավ փոփոխության չի հավատում, սպանել են հավատը ժողովրդի միջի: Ում հավատան, Սերժի՞ն: Հենց Սերժի պատճառով էսօր մեր երկրում լիքը մարդիկ սոված են քնում: Դուք գիտե՞ք, թե Գյումրիից օրական ինչքան մարդ է ընտանիքներով թողնում ու գնում, մեր քաղաքում մարդ չի մնացել: Ժամը 4-ից հետո դուրս արի քաղաքում քայլի՝ 4 հոգի մարդ տեսնես, թե չտեսնես։ Հիմա եկել՝ հարց եք տալիս Սահմանադրության մասին»,- զայրացած արտահայտվեց 56-ամյա Ժորա Ստեփանյանը:
«Սերժ Սարգսյանը հույս ունի, թե «խփելու է» Շիրակի մարզում, բայց թող դա ընդմիշտ մոռանա: Անցած ընտրությունների ժամանակ էլ մեծ-մեծ խոսեց՝ ինչքան ուզեմ խփեմ, չգիտեմ ինչ, բայց տեսավ, որ Գյումրիում խփողը գյումրեցին է, Սերժը թող հույսը կտրի: Իրան, որպես նախագահ, մեր քաղաքում ոչ մեկն էլ չի ընդունում, մենք նախագահ չունենք, իսկ սպասվող հանրաքվեն էլ հերթական խաբեբայությունն է, ուզում է ուղղակի իր աթոռը էլ ավելի հիմնավորի, բայց չգիտի, որ ուշ թե շուտ վերջը գալու է: Մի քանի օր առաջ եկավ հանդիպեց մեր մարզպետի հետ, խոսեց սոցիալ-տնտեսական թեմաներով, իբր մտահոգված է, ինչ-ինչ ծրագրեր ներկայացրեց, մթոմ հետաքրքրված է, բայց չի հասկանում, որ գյումրեցուն խաբել հնարավոր չէ, ու բոլորն են հասկանում, որ դա ընդամենը «ընտրակաշառք» է, ուրիշ ոչինչ: Բայց էլի եմ ասում, թող լավ իմանան հանարապետականները՝ Գյումրիում խփողը գյումրեցին է. ու ամբողջ Գյումրին դեկտեմբերի 6-ին միաձայն «Ոչ» է ասելու»,- Araratnews.am-ի հետ զրույցում իր խոսքը խրոխտ ավարտեց 67-ամյա Կառլեն Վարդանյանը:
Մենք կշարունակենք առաջիկայում ներկայացնել գյումրեցիների կարծիքը սպասվող հանրաքվեի վերաբերյալ:
Էմմա Պալյան