Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովին: Նա քաղաքում ծանոթանում է հայ գործարարների արտադրանքին ու խնդիրներին:
«Առաջիկայում մենք արդեն կկողմնորոշվենք, թե որ սեգմենտին ինչ տարբերակ ենք առաջարկում: Էկոնոմիկայի նախարարն այդ հարցով զբաղվում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա գործարարներին տեղեկացրեց, որ հունվարից 24 մլն դրամ տարեկան շրջանառությունը չգերազանցող փոքր բիզնեսները կազատվեն հարկերից:
«Այդ գումարը կարող եք ներդնել բիզնեսից: Իմիջիայլոց, հունվարի մեկից ոչ միայն հարկ չեք վճարի, այլև ամեն աշխատողի համար, եթե 24 մլն է շրջանառությունը, եկամտահարկը դառնալու է 5000 դրամ»,- ասաց վարչապետը:
Ամասիայի բրդի գործարանի ներկայացուցիչները հայտնեցին, որ երեկ առաջին արտադրանքն են թողարկել, որն այսօր ներկայացրեցին վարչապետին: Փաշինյանը կարևորեց այս գործարանի բացումը, ասաց, որ իրենց լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանեն արտահանման և այլ հարցերում օգնելու համար:
Գյումրեցի կոշիկ արտադրող մի քանի ընկերություններ իրենց արտադրանքը ներկայացրին Նիկոլ Փաշինյանին: «Գյումրիում կոշիկի արտադրությունը լավ զարգացած է»,- նկատեց վարչապետը:
Ցուցահանդեսի մասնակից գործարարները նաև կոշիկ և այլ իրեր նվիրեցին վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական արտադրության նվերները կկրի, որպեսզի գովազդ անի: