Նախորդ ամիս Գյումրիում բացվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Կենտրոնի ստեղծմանն աջակցել են «Շանթ» հեռուստաընկերությունը, որն ավելի վաղ նախաձեռնել էր հեռուստամարաթոն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Կենտրոնի հիմնադիրներն ուրախությամբ արձանագրում են, որ դիմողների թիվն արդեն գերազանցել է նախատեսվող քանակի կեսը:
«Նախատեսված է 600-1000 երեխա, մինչ այժմ դիմել է ավելի քան 500 երեխա: Ուսուցումն այստեղ միջինը երեք տարի է, գրանցման ժամանակ տրվող դեպոզիտը, ի տարբերություն Երևանի, 3000 դրամ է կազմում: Միակ սահմանափակումն այստեղ տարիքայինն է՝ 12-18: Ունեցել ենք արդեն երեք կողմնորոշիչ հանդիպումներ: Հետաքրքրությունը մեծ է, երեխաները ոգևորված են: Նրանցից շատերն արդեն հասցրել են ուսումնասիրել ուսուցանվող ոլորտները»,- ասաց Գյումրիում Թումո կենտրոնի ղեկավար Նարե Ավագյանը:
Անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, ֆիլմերի ստեղծում. սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնցով պետք է մասնագիտանան Թումո-ի ապագա ուսանողները: Ծրագրում ներառված են բազմաթիվ այլ ուղղություններ ևս:
«Այստեղի աշակերտ դառնալով հույս ունեմ հարստացնել իմ գիտելիքները»,- ասում է Թումո կենտրոնի դիմորդ, 12-ամյա Ռազմիկ Մակարյանը,- «այստեղ սովորեցնում են օգտվել նոր տեխնոլոգիաներից, կառավարել ու ինչ-որ նոր բան պատրաստել: Դպրոցում այս ոլորտի մասին գիտելիքներ ստացել եմ հիմնականում ինֆորմատիկայի դասերին: Թումո-ն մեծ ճանաչում ունի ու ես ուզում եմ լինել դրա մի մասը»:
Ռազմիկն արդեն որոշել է. իր նախընտրելի ոլորտը ռոբոտաշինությունն է: Նա վստահ է, որ Թումո-ում իր բոլոր նախաձեռնությունները լավագույնս կընդունվեն:
«Հայկական բարեգործական ընդհանուր միությունը մշտապես ուշադիր է եղել կրթության ոլորտի նկատմամբ, այնպես որ՝ Թումո-ն ևս չէր կարող վրիպել մեր աչքից: ՀԲԸՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այս հիանալի կենտրոնի կառուցման համար, որպեսզի Երևանի երիտասարդներից բացի՝ գյումրեցի երիտասարդները նույնպես կարողանան օգտվել այս հիանալի առիթից»,- ասում է ՀԲԸՄ Հայաստանի հատուկ ծրագրի կոորդինատոր և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ծուլիկյանը:
Գյումրիում հիմնվածն արդեն երրորդ Թումո կենտրոնն է Հայաստանում, չորրորդը նախատեսվում է հիմնել Ստեփանակերտում՝ սեպտեմբերին:
«Մեզ շատ ոգեշնչում է այն, որ տեսնում ենք, որ կենտրոնի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Մենք սովորաբար աշխատում ենք գրանցումն իրականացնել առանց հերթերի, բայց անգամ այդ պարագայում այստեղ մեծ հերթ է գոյացել: Նախատեսվում է ևս երկու կողմնորոշիչ հանդիպում անցկացնել մայիսի 20-ին և 27-ին, ժամը 11:00, 13:00 և 15:00-ին»,- ասում է կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն ու հավելում. Գյումրիի երիտասարդների մեջ բավական մեծ պոտենցիալ են տեսնում:
Հարցին, թե մասնագետների ընտրությունը խնդիր չի՞ առաջացրել, Զառա Բուդաղյանը պատասխանեց, որ նույն սկզբունքով են առաջնորդվելու. երեխաներին տալու են ամենաորակյալ կրթությունը: Ներկայում կենտրոնը նոր ծրագրեր է մշակում՝ Երևանում դասավանդող մասնագետներին Գյումրի հրավիրելու ուղղությամբ:
«Ոչ Երևանի, ոչ Դիլիջանի Թումոկենտրոններից այս կենտրոնը չի զիջելու իր մակարդակով: Անկախ նրանից, թե մասնագետները որտեղից կլինեն, նրանք լավագույնն են լինելու»,- վստահեցնում է Զառա Բուդաղյանը:
Կենտրոնի հիմնումը Երևանում տարիներ առաջ դարձավ բավական մեծ խթան՝ հայ պատանիների՝ այս ոլորտում ունեցած հետաքրքրությունների խորացման ու նոր հմտությունների ձեռքբերման համար: Այժմ էլ Դիլիջանում, Գյումրիում և շուտով նաև՝ Ստեփանակերտում հիմնվելիք կենտրոնները փաստում են՝ նորարար տեխնոլոգիաների ոլորտում անվճար ուսուցումը հասանելի է ոչ միայն Երևանում:
,