Այսօր վաղ առավոտից Գյումրու կենտրոնական շուկայում շարունակվեց առևտրականների բողոքի ակցիան: Վերջիններս դարձյալ փակել էին փողոցը` պահանջելով վերանայել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը: Շիրակի մարզից ընտրված բոլոր պատգամավորներից նրանց այցելեց միայն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Առևտրականներն այսօր պահանջում էին հանդիպում Շիրակի մարզի հարկայինի պետի հետ: «Հարկայինի պետ, չես գա հա ՞, ամեն օր փողոցը կփակենք, դե կտեսնես…», – բացականչում էին նրանք: Պատգամավորը հեռախոսազանգերի միջոցով փորձում էր կապ հաստատել թե ԱԺ խմբակցությունների հետ, թե հարկայինի պետի և թե մարզպետի հետ: «Ես հենց նոր զանգեցի` ասելով, որ ապահովեն հարկայինի պետի հանդիպումը ձեզ հետ: Փոխանցել եմ, որ դուք հարկային չեք գնալու, չեմ գնալու նաև ես: Որևէ պետական կառույց տրամադրեն`կլինի մարզպետարան կամ քաղաքապետարան, գնանք, հանդիպենք հարկայինի պետի հետ, որպեսզի դուք ձեր հարցերը բարձրացնենք: Ես ոչ էլ ուզում ձեզ հրավիրեմ իմ գրասենյակ, որովհետև իմ գրասենյակը կուսակցական է, իսկ այս հարցը կուսակցական հարց չէ: Հաշվի եմ առնում հարցին քաղաքական աստառ կամ ենթատեքստ չտալը», -ասաց պատգամավորը:Եվ մինչ Մարտուն Գրիգորյանը սպասում էր զանգի, հավաքվածները հետաքրքրվեցին. « Գրիգորյան ջան, էդ ինչո՞ւ ես մենակ դու եկել»: Պատգամավորը ծիծաղելով պատասխանեց. «Որովհետև դուք ինձ եք ընտրել»: Ժողովուրդը հակադարձեց. «Բա Սուքիասն ո՞ւր է, բա՞ Հովհաննես Մարգարյանը, որը ամեն անգամ ելույթներ է ունենում, Արման Սահակյանն էլ ստեղի պատգամավոր է չէ՞, մեր մարզից ընտրված…»: Մարտուն Գրիգորյանը հորդորում էր սպասել մինչև ժամը 18.30, ըստ պատգամավորի, քառյակը արտահերթ նիստ է գումարելու, բացի այդ այսօր կա հարց ու պատասխան կառավարության հետ: Նա առաջարկում էր սպասել մինչ իր նախանշած ժամը, տեսնել ինչ կլինի, նոր միայն անելիքը որոշել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: