տուն Լուրեր Գյումրիում անօթևան ընտանիքների խնդրի լուծմանը միացել են նաև Շվեյցարիայում

Գյումրիում անօթևան ընտանիքների խնդրի լուծմանը միացել են նաև Շվեյցարիայում

81
0

Gyumri004Գյումրիում անօթևան ընտանիքների խնդրի լուծման նպատակը  համախմբել  է շատերին, նախաձեռնությանը միացել են նաև Շվեյցարիայում:

Գյումրու անօթևան ընտանիքներին բնակարան նվիրաբերելու նպատակով օրերս Շվեյցարիայի գեղատեսիլ Լուգանո քաղաքում, շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ, կայացել է  բարեգործական միջոցառում:

Ինչպես տեղեկացնում են «Շիրակ կենտրոն»-ից, միջոցառումը խորհրդանշական էր, քանի որ մասնակիցները հիմնականում շվեյցարացիներ էին: Միջոցառմանը ներկա է եղել նաև Լուգանոյի քաղաքապետը, ով իր երախտագիտությունն է  հայտնել Թերեզա Մխիթարյանին՝  Գյումրիի վերածննդի նպատակով շվեյցարացիներին համախմբելու մեծ աշխատանքի համար: Իտալացի բարերար« Հայաստանում արդեն երկար տարիներ բնակվող  «Հոգ ընտանիքին» հիմնադրամի նախագահ Անտոնիո Մոնտալտոն իր հետ միջոցառմանը  տարել էր  գյումրեցի կանանց ձեռքի աշխատանքները: Ներկայացրած աշխատանքները հիացրել են շվեյցարացիներին, իսկ  Հայաստանից ժամանած «Դոլմամա» ռեստորանային համալիրի տնօրեն Ժիրայր Ավանյանը, իր խոհարարական հմտություններով և հայկական ճաշատեսակների համ ու հոտով զարմացրել օտարերկրացիներին:

«Եվրոպայում ճանաչված շվեյցարացի ճարտարապետ, պրոֆեսոր Զնոտզին նաև խոստացավ աջակցել Գյումրու պատմամշակութային հուշարձաններով հարուստ կենտրոնի վերականգնման և ճարտարապետական ձևավորման աշխատանքներին: Իսկ  շվեյցարացի մի խումբ բժիշկներ էլ իրենց ծառայությունն առաջարկեցին տնակներում ապրող երեխաների առողջական խնդիրների լուծմանը»,- նշում են «Շիրակ կենտրոն»-ից:

Միջոցառման ավարտին Թերեզա Մխիթարյանը հատուկ շնորհակալական խոսք է հղել  շվեյցարացի բարեկամներին, համայնքային ներկայացուցիչներին և հատկապես Լուգանոյի քաղաքապետին` մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու համար:

Բարեգործական ճաշկերույթի ընթացքում հանգանակված գումարը կբավարարի մեկ բնակարանի ձեռք բերման համար: