Հայաստանի կառավարությունը ծրագրում է Գյումրին զբոսաշրջային գրավիչ քաղաք դարձնել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ հիշեցնելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Գյումրիում արդիականացման մի շարք ծրագրեր իրականացնելու համար Հայաստանին 23 միլիոն դոլարի վարկ կտրամադրի: «Մենք պետք է նախ վերահսկենք, որպեսզի այդ վարկային միջոցներն արդյունավետ ծախսվեն: Վարկային ծրագիրը շուտով կանցնի Սահմանադրական դատարան, Ազգային ժողով: Հիմնականում դա իր մեջ պարունակում է հետևյալ կոմպոնենտները՝ ասֆալտապատում, մայթերի բարեկարգում, լուսավորություն, կանգառների կանոնակարգում: Իսկ դրանից հետո նոր ռեսուրսներ կտրամադրվեն տուրիստական որոշակի կլաստերներ Գյումրիի ներսում ունենալու, քաղաքն ավելի գրավիչ դարձնելու համար», — ասաց Լոքյանը: Հարցին՝ թե վարկային ծրագրով քանի՞ փողոց է բարեկարգվելու, նախարարը դժվարացավ հստակ պատասխան տալ. «Ես հստակ թվերով չեմ կարող ձեզ ասել: 10 և ավելի փողոցների մասին է խոսքը»: