Այսօր ոստիկանական ուժերը մոտ կես ժամ շրջափակված են պահել «Յունիբանկի» Գյումրիի մասնաճյուղը: Ոստիկանները տարածք են ժամանել բանկի անվտանգության համակարգի ազդանշանը ստանալով: Բանկի ներսում ուսումնասիրությունները երկար չեն տևել, պարզվել է՝ ազդանշանի ահազանգը կեղծ է եղել, իսկ ազդանշանային համակարգի միանալու պատճառը եղել են փողոցաշինական աշխատանքները, որի ընթացքում շինարարները վնասել են էլեկտրամալուխները, ինչի հետևանքով երեկվանից բանկում ու մոտակա շենքերում էլեկտրականությունն անջատված է եղել:
Էլեկտրականությունը վերականգնվել է այսօր կեսօրին ու միացել է անվտանգնության համակարգը՝ խուճապ առաջացնելով:
Դա, սակայն, անհանգսության միակ պատճառը չի եղել այսօր: Մարզի բնակիչները զինված ոստիկանների են հանդիպել նաև քաղաքի մուտքերի մոտ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանել են, որ Գյումրիի մուտքն ու ելքը ոստիկանական ուժերի հսկողության տակ վերցնելը պայմանավորված է պլանային միջոցառումներով, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը:
Ճանապարհներին ոստիկանները ստուգում էին բոլոր մեքենաներն ու վարորդների փաստաթղթերը: