ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից վերահսկողական աշխատանքներ են իրականացվել Գյումրի քաղաքի փողոցաշինական ծրագրերի շրջանակներում: Այս մասին տեղեկություն է հրապարակվել Տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
Դիտարկումներ են իրականացվել Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում տեղադրված լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից վերոնշյալ հենասյուների տեխնիկական զննության արդյունքում պարզվել է, որ դրանք տեղակայվել են տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջների խախտումներով, մասնավորապես՝ բացակայում են հենասյուների հողանցումները, ինչը կարող է վտանգ սպառնալ մարդկանց կյանքին և առողջությանը: Ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ էլեկտրոմոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց նախագծային փաստաթղթերի:
Վերոնշյալ թերությունների վերացման նպատակով՝ Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնում հրավիրված քննարկման ժամանակ պատվիրատու՝ Գյումրու քաղաքապատարանին և հեղինակային հսկողություն իրականացնող «Տրանսնախագիծ» ՓԲ ընկերությանը, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է սեղմ ժամկետներում վերացնել արձանագրված խախտումները և այն համապատասխանեցնել շինարարական նորմերին:
Քննարկվել են նաև մայթերի ասֆալտբետոնյա ծածկույթի, մակերևույթային ջրերի հեռացման համակարգի դիտահորերի նիշերի, կոյուղագծերի թեքություններին առնչվող մի շարք խնդիրներ, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նշված խախտումները և թերությունները վերացնելու վերաբերյալ: