ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով Գյումրու ՏԻՄ ընտրություններում սատարում էր «Բալասանյան դաշինքին», այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, նշեց, որ եթե ահազանգեր են եղել ընտրախախտումների մասին, ապա դրանք չեն ազդել արդյունքների վրա: «Ես նմանատիպ ինֆորմացիա չունեմ, ամբողջ օրը հետեւել եմ, չկա այն ընտրախախտումը, որ լուրջ ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի այն հայտարարությանը, թե պատրաստվում են բողոքարկելու ընտրությունների արդյունքները, որովհետեւ հիմքեր կան, Մ. Գրիգորյանն ասաց` թող բողոքարկեն, եթե հիմքեր տեսնում են: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու որոշեց սատարել «Բալասանյան դաշինքին», ապա պատգամավորն ասաց. «Ինձ համար կարեւորը եղել է կատարված աշխատանքը եւ կատարվելիք աշխատանքը, իսկ այդ ընթացքում՝ քարոզարշավի ընթացքում, դաշինքը ներկայացրել է իր կատարած եւ կատարելիք աշխատանքները»:
Մ. Գրիգորյանն ասաց, թե դեռեւս հստակեցված չէ իր մանդատի հարցը: Խորհրդարանական ընտրություններում ինքն առաջադրվելու է, իսկ թե որ կուսակցության համամասնական ցուցակով` չի կարող այս պահին ասել:
Անդրադառնալով ընդդիմադիր կուսակցությունների պարտությանը Գյումրիում` պատգամավորը նշեց. «Բոլորը պետք է հետեւություններ անեն: Այն, որ ասում են` Գյումրին ընդդիմադիր քաղաք է, եւ ով մտքին դնի` կմտնի Գյումրի եւ ձայներ կտանի, թող ինքնախաբեությամբ չզբաղվի: Գյումրեցիները կուշտ են, հոգնել են, զզվել են կեղծ ընդդիմադիր շոուներից, մեր քաղաքին պետք է աշխատանք»: