Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ Գյումրիում ևս աևտրակաները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ դրվող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի: Այսօր ևս Գյումրիում մանր ու միջին բիզնեսով զբաղվող գրեթե բոլոր առեւտրականները հավաքվել են կենտրոնական շուկայի մոտ, նորից փակել են կենտրոնական փողոցներն ու հայտարարել գործադուլ: Ցուցարարները պահանջում են, որպեսզի իրենց հարցերին պատասխանեն այն պատգամավորները, որոնց իրենք ժամանակին ընտրել են: Այդ պատգամավորներն են ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, ՀՀԿ-ական Արման Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը եւ Մուշեղ Պետոյանը:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։
Լուսանկարը՝ galatv.am-ի: