Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի աջակցությամբ մի քանի լրատվամիջոցներ երկօրյա այցով Տավուշի մարզի մի քանի համայնքներում ծանոթանալու են գյուղերի միգրացիայի խնդիրներին, գյուղերի զարգացման հեռանկարներին: Առաջին համայնքը Տավուշի մարզի Գանձաքարն է: Համայնքապետը Վարդգես Դովլաթբեկյանն է, ՀՅԴ-ից: Երկու տարի է, որ համայնք ղեկավարն է: Միանգամից նկատեցիք, որ որեւէ պաշտոնյայի լուսանկար պատից կախված չէ: Միայն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վաղուցվա լուսանկար եւ ժամը 08:25-ն անհամացրած պատի մի ժամացույց:
Համայնքի բնակչության թիվը 3860 է, որից 180-ը՝ պետական աշխատողներ են: Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, բուժկենտրոն, եկեղեցի, մշակույթի տուն: Համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Նախորդ կառավարությանը ներկայացրել էին կաթի վերամշակման եւ տոհմային տավարաբուծության զարգացման առաջարկներ: «Ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկով ցանկանում ենք տավարաբուծություն զարգացնել, բայց կառավարությունը մերժել է առաջարկը, քանի որ 50 մլն դրամ գումար էր անհրաժեշտ: Սա այն դեպքում, երբ համայնքի բնակչությունը պատրաստակամ է եղել մեկ ցեղական կովի գնի՝2100 դոլարի կեսը վճարել: Այսինքն՝ 25 մլն դրամը պետք է վճարեր համայնքը, մի մասն էլ գյուղացին վարկերով կմարեր: Եթե կաթի վերամշակման արտադրություն լինի, ապա 20-25 աշխատատեղ կստեղծվի»,- ասաց համայնքի ղեկավարը:
Պրն Դովլաթբեկյանի խոսքով՝ հիմա նորից պատրաստվում են դիմելու նոր կառավարությանը, որից ակնկալիքներն ու սպասումները շատ են:
Գյուղի մյուս խնդիրը ոռոգման եւ խմելու ջրի խնդիրն է: Երեք գետ է հոսում Գանձաքարից դեպի Ադրբեջան, սակայն գյուղացիները խմելու եւ ոոռգման ջրի խնդիր ունեն: Սրա մասին էլ խոսել գյուղապետի տեղակալ Անաստաս Հակոբյանը: Ավելին՝ նրա խոսքով՝ ջրի խնդրի լուծման համար կառավարությունը 600 մլն դրամ է տրամադրել, սակայն այդպես էլ ծրագիրը կյանքի չի կոչվել: Անաստաս Հակոբյանի խոսքով՝ մինչեւ 2008 թ-ը ստիպել են գյուղապետերին, այդ թվում նաև իրեն, որն այդ ժամանակ եղել է գյուղապետ, որ գյուղում անասնագլխի եւ մյուս ցուցանիշներն ուռճացված ներկայացնեն: «Այդ պատճառով էլ շատ հարցեր չեն լուծվել: 2008-ից հետո է, որ սկսել են իրական թվեր ու ցուցանիշներ ցույց տալ»,- ասաց գյուղապետի տեղակալը:
Տարեկան 400-500 մարդ գյուղից արտագնա աշխատանքի են գնում: Նրանց մի մասն ընտանիքով է հեռանում գյուղից: Չնայած գյուղի խնդիրներին, ծնելիությունը գրեթե չի նվազել, արտագաղթի տեմպերը շատ չեն: Համայնքի բնակիչները լավատես են, որ նոր կառավարությունը, ի դեմս, Նիկոլ Փաշինյանի, կլուծի իրենց խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան