Արմավիրի գյուղական համայնքներում բնակիչների համար առաջնային խնդիր է այսօր հանդիսանում գյուղատնտեսական վարկերի մարումը: Գյուղացիների շուջ 90 տոկոսն ունի գյուղատնտեսական և սպառողական վարկ, ընդ որում, ոչ միայն մեկ բանկից, այլ մի քանի բանկերից:
Հայտնի է, որ գյուղացիներից շատերն անգամ գրավի տակ են դնում իրենց անշարժ գույքը, որպեսզի կարողանան մարել վարկերի տոկոսներն ու մայր գումարը: Վարկային վատ պատմություն ունենալը գյուղացիների կյանքի անբաժանելի մասն է դարձել:
«Գյուղատնտեսության ոլորտում վարկավորման ճիշտ քաղաքականության խնդիրը շատ է կարևորվում: Վարկերի պահանջը շարունակաբար ավելի է մեծանում, սակայն այնուամենայնիվ կան բավականին լուրջ չլուծված խնդիրներ: Կա արդարացի դժգոհություն, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները շատ բարձր են, հետևաբար մեր գյուղացիական տնտեսությունները դժվարությունների առջև են կանգնում: Առավել ևս բնակլիմայական պայմանների հետևանքով ստեղծվում է ծանր իրավիճակ և հասկանալի է, որ գյուղացին բավականին բարդ իրավիճակում է հայտնվում»,-այս մասին դեկտեմբերի 20-ին՝ Արմավիր քաղաքում, «Մեդիա կենտրոնի» և «Արմավիրի զարգացման կենտրոնի» համատեղ նախաձեռնած քննարկմանը ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանիը, «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության Արմավիր մարզային միավորի կառավարիչ Արմեն Արաբաչյանը, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը և «Hetq.am»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը:
Ներկա էին նաև Արմավիրի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ, ովքեր իրենց մտահոգող հարցերը ուղղեցին բանախոսներին:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը նշեց, որ գյուղատնտեսական վարկեր տրամադրող բանկեր շատ կան մարզում, բայց հիմնականում AGBA Credit Agricole բանկն է, որ աշխատում է մարզի 93 համայանքների հետ:
«2014-ի համար 6312 վարկառուների տրամադրվել է 8,12 միլիարդ դրամ վարկ, որից 2,59 միլիարդ դրամը պետության սուբսիդավորմամբ: Դրա անհրաժեշտությունն այսօր գյուղացին խիստ զգում է: Մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ դեռևս վարկերի տոկոսադրույքները մնում են բարձր, իսկ ժամկետները՝ կարճ, մինչև մեկ տարի ժամկետով: Բանկերը պետք է իջեցնեն տոկոսադրույքները և տրամադրեն ավելի երկարաժամկետ վարկեր, որպեսզի արդյունավետությունը ավելի բարձր լինի»,-ասաց Այվազյանը:
Այսօր ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը սուբսիդավորում է վարկերի տոկոսադրույքները 4 տոկոսով:
«Բայց ցավոք, գյուղացին հաճախ հայտնվում է դժվար իրավիճակում, քանի որ ստացված վարկերը նպատակային չի օգտագործում»,-հավելում է Այվազյանը:
«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության Արմավիր մարզային միավորի կառավարիչ Արմեն Արաբաչյանը նույնպես ընդգծում է, որ այսօր համայքնի բնակիչները հիմնականում վարկ են վերցնում՝ վարկի նպատակայնությունը հաշվի չառնելով:
«Հաճախ վարկերը այլ նպատակներով են օգտագործում, ուստի գյուղացիական տնտեսություն չի զարգանում: Խնդիրը գալիս է դրանից հիմնականում: Եթե վարկը նպատակային օգտագործվի, ապա տնտեսությունը կզարգանա: Գյուղացին պետք է հասկանա, թե վարկը ինչի համար է վերցնում, ինչպես պետք է օգտագործի, որ նպատակային լինի ու արդյունավետ»,-ասում է Արաբաչյանը:
Hetq.am-ի լրագրող Գրիշա Բալասանյանը, ով արդեն 4 տարի է՝ ուսումնասիրություն է կատարում գյուղատնտեսական վարկերի ոլորտում, ասում է, որ վիճակը հուսադրող չէ:
«Երբ ասում են՝ գյուղատնտեսական վարկերը նպատակային չեն ծառայում, մեղավորը նաև բանկերն ու վարկային կազմակերպություններն են, որովհետև մոնիտորինգ չեն անում, հետևողականություն չեն դրսևորում: Գյուղացին վերցնում է վարկ, ասում է գյուղատնտեսական վարկ եմ վերցնում գյուղատնտեսության մեջ օգտագործելու նպատակով, բայց սառնարան է գնում, Ամանոր է նշում և այլն: Բանկը և վարկային կազմակերպությունը պետք է հետամուտ լինի, որպեսզի հենց իր տրամադրած վարկը ծառայի իր նպատակին»,-ասում է Բալասանյանը:
Նա նշում է, որ այսօր գյուղերում ընտանիքները երեխա են ունենում, որպեսզի ստացած նպաստի գումարով փակեն վարկի գումարը: Գյուղացիներից ոմանք էլ արդեն կորցրել են իրենց տները, քանի որ բանկը առգրավել է տունը վարկի դիմաց, վաճառել այն և ստացել իր գումարը:
«Բազմաթիվ դեպքեր կան այդպիսի: Գյուղատնտեսական վարկերը ծուղակ են: Հայտնի է, որ գյուղատնտեսությունը արտադրություն է բաց երկնքի տակ և ռիսկերը շատ մեծ են: Իսկ գյուղացին մենակ է տարերային աղետների և բոլոր ռիսկերի առջև: Չկա գյուղատնտեսության ապահովագրություն, ինչը պետության խնդիրն է և պետք է բարձր մակարդակով կարգավորվի, թե չէ գյուղացուն պետության 5000 դրամ աջակցությունը պետք չէ»,-ասում է Բալասանյանը:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը արձագանքեց՝ նշելով, որ ապահովագրության բացակայության պայմաններում, ցուցաբերվող աջակցությունները իրականում համարժեք չեն գյուղացիների կրած վնասներին:
«Շատ կարևոր է, որ իսկապես ներդրվի ապահովագրական համակարգ: Երկար տարիներ այս մասին խոսում ենք, իսկ թե ինչու չի կայանում այս համակարգը, այն պարզ պատճառով, որ այն գրավի չէ ներդրողների համար: Գյուղատնտեսության ոլորտը բարձր ռիսկայնության պատճառով գրավիչ չէ: Բայց և այնպես, պետք է քայլեր ձեռնարկվեն»,-նշեց փոխնախարարը:
Իր խոսքի վերջում պարոն Պետրոսյանը հավելեց, որ ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու համար գյուղատնտեսության նախարարը վարչապետի հետ քննարկել է, և ելքեր են նշմարվում, որ 2015-ից արդեն 6 տոկոսային կետով կսուբսիդավորվեն գյուղացիներին տրվող գյուղատնտեսական վարկերը: