Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը անդրադարձավ նաև նման եղանակային պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին: Բանախոսըˋ խորհուրդ չտվեց ավելորդ շտապողականություն ցուցաբերել և սկսել գյուղատնտեսական աշխատանքները:
«Բացասական ջերմաստիճանի ռիսկայնությունը կպահպանվի մինչև ապրիլի 10-ը: Ճիշտ է, հազվադեպ, բայց եղել են դեպքեր, որ ցրտահարություն է գրանցվել ապրիլինի: Վար ու ցանքը սկսվելու համար հողի ջերմաստիճանը պետք է պլյուս 7-ից պակաս չլինի, իսկ հիմա մենք նման տվյալ չունենք»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ձյան պակասին, ապա բանախոսը խորհուրդ է տալիս դրա պակասով չպայմանավորել բերքի անառատությունը: «Ձյունը նպաստում է, որպեսզի աշնանացանը չցրտահարվի, հողի համապատասխան շերտում ձյունը չի թողում, որպեսզի հողը սառի: Այս տարի ձյան ծածկույթը չի եղել, բայց շատ ցածր ջերմաստիճան էլ չի եղել, որը կարող էր ցրտահարություն առաջացնել: Պետք է նշեմ, որ առաջիկայում մենք նման ցածր ջերմաստիճանի չենք սպասում»,- նկատեց բանախոսըˋ հավելելով, որ այս պահի դրությամբ, բարեբախտաբար, ծաղկած և վտանգված բերք հանրապետությունում չկա:
Վարդուհի Ստեփանյան