Արմավիրի մարզի Մերձավան համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը համայնքին պատկանող հողատարածքները, մի քանի գործարաններ կամ վաճառել է, կամ սեփականաշնորհել: Այս մասին Araratnews.am-ին ահազանգեց Մերձավանի բնակիչներից մեկը: Նա նշեց, որ գյուղի գինու գործարանը գյուղապետը վաճառել է նախկինում բազմաթիվ պաշտոններ զբաղեցրած Երվանդ Զախարյանին, որոշ հողատարածքներ` տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նաև Արմավիրի մարզպետի`Աշոտ Ղահրամանյանի որդուն:
«Մենք նաև գյուղում լիճ ունեինք, որը գտնվում էր հենց գյուղապետի տան մոտ, բայց դա հիմա փակել են, ու լճից բան չի մնացել: Մեր գյուղում քարի արտադրամաս կա, որն Արմավիրի մարզում ամենամեծն է, դա պատկանում է գյուղապետի որդուն՝ Պարգև Գրիգորյանին, իսկ քարի հանքը մյուս որդունն է՝ Վոլոդյա Գրիգորյանինը»,- նշեց մեր զրուցակիցը:
Մերձավանի բնակչուհու խոսքով՝ Լևոն Գրիգորյանն արդեն 23 տարի է` ղեկավարում է գյուղը և այդ ընթացքում հասցրել է ամեն ինչ իրենով անել. «Արդեն պարզ է` որտեղից այդ գումարները, 23 տարի նույն մարդն է: Անցած տարի ընտրություններ եղան, մյուս թեկնածուն, որը չընտրվեց, սեփական գրպանից ավելի շատ բան էր արել գյուղի համար: Ու երբ ես հենց նրան էի սատարում ընտրությունների ժամանկ, մեր ներկայիս գյուղապետը փորձում էր ինձ վախեցնել, եղբորս էր զանգել»:
Մերձավանի խմբագրություն ահազանգած բնակչուհին նաև ընդգծեց, որ այսօր գյուղում շատ խնդիրներ կան, առաջնային է փողոցների լուսավորության հարցը, նաև տրանսպորտի խնդիրը: Գյուղ մեկ տրանսպորտային միջոց է մտնում, որը սպասարկում է նաև երկու գյուղերի և մինչև Մերձավան հասնելը արդեն այնքան լիքն է լինում, որ անհնար է դրանից օգտվել. «Լուսավորության համար աշխատանքներն էլ նոր են սկսվել, երբ ես հայտարարություններ արեցի գյուղապետի գործունեության մասին: Դեռ 8 ամիս առաջ են 16 մլն դրամ դուրս գրել լուսավորության համար, բայց ոչ մի գործարք չէին արել, միայն երեկ նկատեցի, որ արդեն գյուղապետն է մետրը ձեռքին չափումներ անում: Նշեմ նաև, որ երեկ համացանցում հրապարակված իմ բաց նամակից հետո իր մոտ դատախազությունից են եկել, ենթադրում եմ, որ հնարավոր է` հրապարակումս են տեսել»:
Հավելենք նաև, որ ինչպես նշեց մեզ ահազանգած բնակիչը՝ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը ՀՀԿ անդամ է և այս տարիների ընթացքում գործել է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) հովանու ներքո:
Վոլոդյա Գրիգորյանի` գյուղապետի որդու խճաքարի (щебень) հանքն է, որը գնել է 200 հազար դոլարով:
Լճի հատվածն է, որը գտնվում է գյուղապետի տան մոտ և փակվել է նրա կողմից:
Սա բնակելի շենքի առաջին հարկն է, որն ամբողջությամբ գնել է գյուղապետի տեղակալ Արևիկ Եսայանը և վաճառել մարդկանց: Նկարում երևում է, որ մայթի հաշվին էլի առաջ են եկել, իսկ դեղատունը պատկանում է Արևիկ Եսայանին:
Խաղողի այգիներ են եղել, որոնք պատկանել են համայնքապետարանին, որտեղ աշխատել են մերձավանցիները, իսկ հիմա այն պատկանում է Դավիթ Լոքյանին:
Ցորենի դաշտերն են, որոնք վաճառվել են մի շարք պաշտոնյաների:
Գյուղ մտնող ճանապարհի վրա է` 5000 քմ, և պատկանում է գյուղապետի որդուն՝ Վոլոդյա Գրիգորյանին:
Քարհանքն է Երրորդ գյուղում, որը նույնպես պատկանում է Վոլոդյա Գրիգորյանին:
Քարի արտադրամասն է Մերձավանում, պատկանում է գյուղապետի մյուս որդուն ՝ Պարգև Գրիգորյանին:
Այս տարածքները պատկանում են Հայկական խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ֆիրդուս Հարությունյանին:
Լուսանկարները և մեկնաբանությունները՝ ահազանգող քաղաքացու:
Մենք նաև փորձեցինք կապ հաստատել գյուղապետ Լևոն Գրիգորյանի հետ, սակայն նա մեր զանգերն անպատասխան թողեց: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք լսել նաև մյուս կողմի բացատրությունը: