Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները վաղ առավոտյան դուրս էին եկել փողոց և փակել միջպետական ճանապարհը` պահանջելով պայմաններ ստեղծել խաղողի մթերման համար: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Araratnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բողոքներ եղել են նաև Արմավիրի մարզից, իսկ նախարարությունը հանդիպել է գյուղացիների և գործարանների հետ, պայմանավորվածություն ձեռք բերել, որի համաձայն` ամբողջ բերքը մթերվելու է:
Մեր այն նկատառմանը, որ եթե գործնականում հնարավոր էր մթերել բերքը, ապա ինչո՞ւ դա ավելի շուտ չէր արվում՝ Մակարյանը պատասխանեց.
«Բերքը նախատեսվածից շատ է եղել: Գյուղացին, օրինակ 3-4 տոննայի համար է պայմանագիր կնքել, բայց արդյունքում ունեցել է 8 տոննա բերք, ուստի նրա մոտ մտավախություն է առաջացել, որովհետև նա պայմանագիր է ունեցել ավելի քիչ բերքի մթերման համար»,-նշեց Մակարյանը` հավելելով, որ որոշ գործարաններում մթերման աշխատանքները դեռ նոր սկսվելու են երկուշաբթի օրվանից: