ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկում է լսումներ հրավիրել ՝ գյուղացիների վարկային պատմությունների հետ կապված խնդիրները քննարկելու համար: Նա տեղեկացրեց, որ վերջին երեք ամիսների ընթացքում այցելել է Հայաստանի շուրջ 50 գյուղ, որտեղ տիրող իրավիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է:
«Մարդկանց հետ շփումները ստիպում են մտածել, որ պաշտոնական վիճակագրությունն ու հանգստությունը, ինչպես նաև այստեղ հնչող հարցերն ու պատասխանները, որ ներկայացնում է ԿԲ-ն՝ գյուղացիական վարկերի հետ կապված, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Հազարավոր գյուղացիներ ստիպված են նոր վարկեր վերցնել՝ հները փակելու համար»,- խնդիրը ներկայացրեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ վարկերը, որոնք գյուղացիները վերցնում են երաշխավորի օգնությամբ, մարդկանց միջև կոնֆլիկտների պատճառ են դառնում:
«Այս իրավիճակն ավելի է սրվել, քանի որ բազմաթիվ մթերողներ օբյեկիտվ և սուբյեկտիվ պատճառներով չեն վճարել մթերման գումարները»,- հավելեց Փաշինյանը:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 18-րդ հոդվածը, ըստ նրա, լսումներ հրավիրելու հնարավորություն տալիս է, որի ընթացքում իրավիճակի մասին կստանան լուրջ ու ամբողջական տեղեկատվություն:
Սակայն նախքան խնդրին անդրադառնալը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ ԱԺ ամբիոնը չքաղաքականացնելու կոչին. «Շատ օրիգինալ էր Ձեր առաջարկությունը՝ ԱԺ ամբիոնը չքաղաքականացնել: Փաստորեն, ՀՀ-ն հավակնում է դառնալ առաջին երկիրը, որտեղ քաղաքականությունը չքաղաքականացնելու կոչեր են հնչում»:
Շողիկ Գալստյան