տուն Արցախ Գուցե ռազմական գաղտնիք եմ բացահայտում, բայց հասարակությունն այդ մասին պետք է իմանա

Գուցե ռազմական գաղտնիք եմ բացահայտում, բայց հասարակությունն այդ մասին պետք է իմանա

112
0

748024

Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի պատճառներն ու վերլուծությունները կանեն համապատասխան մասնագետները, սակայն, որպես նախկին հրամանատար և հակառակորդին ճանաչող մարդ, կարծում է, որ հակառակորդն ունեցել է հավակնոտ պլան. Արցախում Araratnews.am-ի եւ եւս մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց  ԼՂՀ փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:

«Հակառակորդի նպատակն էր երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում, տիրապետել առաջնագծին և բացազատվել ավելի մեծ խորությամբ՝ ռազմական գործողություններ վարելու համար: Գոնե հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կարող էր տիրապետել ռազմավարական նշանակության տարածքների՝ Մատաղիսի ջրամբարին և Սարսանգի ջրամբարի ուղղությամբ ծավալեր իր գործողությունները: Հարավի ուղղությամբ նա պետք է դուրս գար ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող ճանապարհի վրա, դա Ջաբրայիլ-Ֆիզուլի ճանապարհն է, որը տանում է դեպի Մարտունի: Սակայն, երկու ուղղությամբ էլ հակառակորդը ձախողեց, որովհետև առաջնագիծը վերցնելուց հետո ՊԲ ստորաբաժանումները շատ արագ անցել են պաշտպանության: Մարտը վարելու ժամանակ, երբ հակառակորդը տիրապետում է առաջնագծին, անմիջապես պետք է գործի դրվեն ստորաբաժանումներ, որոնք պետք է անցնեն հակահարձակման: Եթե Պաշտպանության բանակը երկու ուղղությամբ անցներ հակահարձակման, հավանական է, որ ուժերը չէին բավականացնի, որովհետև հակառակորդը պաշտպանության իր բոլոր ստորաբաժանումները ոտքի էր հանել, բացի ավիացիայից, և հարձակման անցնելու դեպքում, հնարավոր է, որ ուժերը չբավականացնեին»,- բացատրեց Արթուր Աղաբեկյանը:

Նրա խոսքով՝ ՊԲ գլխավոր հրամանատարը ճիշտ որոշում կայացրեց՝ անցնելով հակահարձակման` հյուսիսում դիրքերի վերականգնման ուղղությամբ:

«Գուցե ռազմական գաղտնիք եմ բացահայտում, բայց հասարակությունն այդ մասին պետք է իմանա, որ հակառակորդի նպատակներից մեկն է եղել, որ ԼՂՀ ՊԲ-ն իր ձեռքի տակ եղած ողջ ստարաբաժանումները գործի դներ երկու ուղղությամբ՝ հյուսիսի ու հարավի, որպեսզի բաց մնար Ստեփանակերտ տանող կենտրոնական հիմնական ռազմավարական ուղղությունը: Եվ ՊԲ գլխավոր հրամանատարը շատ ճիշտ որոշում կայացրեց, ռեզերվների տեղաշարժ չիրականացրեց` ամբողջ բեռը թողնելով հյուսիսի ու հարավի տեղի ստորաբաժանումների վրա` դրանով խառնելով հակառակորդի խաղաքարտերը: Եվ դրա վառ վկայությունն այն է, որ ապրիլի 3-4-ին նկատելի էր, որ հակառակորդը ցանկանում է փորձեր անել` հիմնական հարվածի ուղղությամբ ճակատ բացել, բայց մեր հրետանին ուղղակի խեղդեց այդ փորձերը»,- նշեց  Արթուր Աղաբեկյանը:

«Հակառակորդն օգտագործեց ինքնաոչնչացող անօդաչու հրթիռներ, դրանք նորույթ էր հրամանատարության համար: Շարքային կազմը իր ողջ դասերի ընթացքում, իսկ բանակը դա դպրություն է, բանակը դա դաս է,  ամբողջ տարին զինվորը պատրաստվում է մարտի, եւ մեր ամբողջ ռազմական կրթության ընթացքում նման միջոցների մասին խոսք չի եղել: Բայց խուճապ չեղավ ոչ հյուսիսում, ոչ հարավում: Հակառակորդին հաջողվեց խոցել մեր մի քանի տանկը, բայց տանկային գումարտակներում խուճապ չի եղել: Գուցե  հակառակորդը էշ-էշ  հաշվարկել էր, որ խուճապ կլինի»,- ասաց ԼՂՀ փոխվարչապետը, նշելով որ ամսի երկուսին, երեքին նա հնարավորություն է ունեցել դիտարկում անելու:

Լրագրողների հետ զրույցում Արթուր Աղաբեկյանը խոսեց նաեւ Գերմանիայում Սերժ Սարգսյանի արած հայտարարության մասին, թե մենք կռվում ենք 80-ական թվականների զենքով: Իսկ թե ինչպես  մեկնաբանեց ԼՂՀ գործադիրի անդամն այս հայտարարությունը՝ կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում:

Փայլակ Ֆահրադյան

Արցախ