տուն Հասարակություն Մշակույթ Գրողների սերնդափոխությունը պիոներներ կրթելով: Նոր հոդվածաշար Արարտնյուզում

Գրողների սերնդափոխությունը պիոներներ կրթելով: Նոր հոդվածաշար Արարտնյուզում

188
0

AshotԱռաջիկայում Արարտնյուզը կհրապարակի բանաստեղծ, Լիտոպեդիա բանասիրության հանրագիտարանի հիմնադիր Աշոտ Գաբրիելյանի «Իրականություն, գրող, հասարակություն» վերտառությամբ նոր հոդվածաշարը:

Սերնդատվությունն ամեն մի կենդանի օրգանիզմի բնական պահանջն է: Տեսակը պահպանելու խնդիրը ամենամտահոգիչը: Տոտալիտար ռեժիմներում սերնդափոխության խնդիրն այնպիսի լրջությամբ է հստակեցվում, որ հասարակության գրեթե յուրաքանչյուր անդամ կամա թե ակամա ենթարկվում է որոշակի կանոնների, որոնք օժանդակում են առկա համակարգը: Նույնիսկ այլակարծությունը իր չափաբաժինն ունի այստեղ: Պետությունների պարագայում` եթե չլինեն արտաքինից եկող հոսքերը, ներսից գրեթե անհնար է փլուզել կարծրացած ու կաղապարված համակարգերը:

 

Խորհրդային շրջանում գրականության վերահսկելիությունը մի քանի գործոններով էր պայմանավորված: Սկսենք մամուլից. «Ծիծեռնակ»,  «Պիոներ կանչ», «Պիոներ», «Ավանգարդ». այս մանկապատանեկաերիտասարդական ճանապարհն անցնելուց հետո գրողը նոր միայն կարող էր լուրջ հավակնություններով առաջ շարժվել: Խորհրդային հասարակարգից հետո թվում է ինչ-որ բան պիտի փոխվեր, բայց իրականում բովանդակային պլանում ամեն ինչ մնաց նույնը: Վերը նշված պարբերականները, թեպետ մինչ օրս գործում են, սակայն պետք է նշել` նրանք զրկվել են իրենց հիմնական գործառույթից: Սակայն այս պարբերականների դերը, գրողներին «դաստիարակելու»  մասով, իր վրա ամբողջովին վերցրեց ՀԳՄ-ն: Պետք է խոստովանել, որ անկախության առաջին տարիներին, ՀԳՄ ներսում ձևավորված մթնոլորտը նպատակ չուներ շարունակել ԽՍՀՄ խոտանելի այս ժառանգությունը, որը երիտասարդ գրողներին թրծելու, հերթագայությունը ապահովելուն պիտի ուղղված լիներ: Օրինակ` նորաստեղծ «Նոր-Դար» ամսագրում հավասարապես տպագրվում էին երիտասարդ ու ավագ սերնդի գրողներ: Խնդիրը միասնական դաշտում տպագրվելը չէր միայն. նրանք հավասարապես ներկայանալի էին դառնում և ոչ մի նորամուտ ունեցող իր վրա չէր զգում երիտասարդ լինելու ծանր բեռը: Այս շրջանում ի հայտ եկան այնպիսի գրողներ, որոնք միջին տարիքի լինելով հանդերձ, առանց մանկապատանեկան ու երիտասարդական նախապատմություն ունենալու, լուրջ հայտ ներկայացրին գրականության մեջ: Այս ամսագիրը շատ կարճ ժամանակում վերածվեծ տաղտուկի, մինչդեռ կարող էր մեր գրականության պատմության լավագույններից մեկը լիներ: Պատճառների մեջ չխորանանք, ոչ էլ ինքս խորամուխ եմ, սակայն այն, ինչ հետո կատարվեց,  պարզապես ԽՍՀՄ ստեղծածի տրամաբանության մեջ էր:

 

Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը որոշակի հաղթահարվելուց հետո ՀԳՄ-ում եղան մարդիկ որոնք լծվեցին հարթ սերնդափոխություն կատարելու և տեսակը պահպանելու գործին: Այս գործում մեծ դերակատարություն տրվեց ՀԳՄ երիտասարդական բաժանմունքին: Ավագ սերունդն արդեն իսկ կարողանում էր վերապահումով մոտենալ այդ բաժանմունքում ընդգրկված անգամ տաղանդավորներին` նրանց համարելով «ջահելներ»` բառիս նաև գավառական նեղ իմաստով: Երիտասարդ գրողներին տալով վերահսկելի տարածք հստակ սահմաններ կային, որոնցից երիտասարդները չէին կարող օգտվել: Օրինակ, երիտասարդ գրողը, որքան էլ տաղանդավոր լիներ, չէր կարող հավակնել պետական մրցանակի և այլն: Այսինքն` ՀԳՄ երիտասարդներին վերահսկելի տարածք տալով, խախտում էր առաջին հերթին գրական չափանիշները, գրողի հասունությունը որոշելով կենսաբանական տարիքով: Ավելին` ՀԳՄ ստեղծեց դպրոցական երեխաների համար խմբակ, որոնց իր հովանավորությամբ պետք է «գրող դարձներ»: Միատոնությունը, միևնույն ձեռագիրը, որն առկա էր այդ խմբակի գրեթե բոլոր անդամների մոտ թույլ չէր տալիս մի հեղինակին տարբերել մյուսից: Հետո երիտասարդ գրականագետների մի փաղանգ սկսեց նայելով վերևների հայացքին, դրվատանքի խոսքեր հնչեցնել ու «աճեցնել» այդ «պիոներներին»: Ո՞ւր են այսօր այդ «պիոներները». շատերը դադարել են գրելուց ու գնացել իրենց գործին, իսկ մի մասն էլ կշարունակի իր միատոնությունը, բայց չէ որ գրականությունը չի սկսում աշակերտի, ապա ուսանողի կարգավիճակից:

 

Մինչև երբ է ՀԳՄ շարունակելու «Հոկտեմբերիկ» ու «Պիոներ» խաղալ կամ ինչո՞ւ է ՀԳՄ այնքան խախտել չափանիշները, որ «ծերակույտի» ներկայացուցիչներից նրանք, որոնք իրենց կյանքում գեթ մեկ հիշելի տող ու խիզախում չեն ունեցել, տաղանդավոր երիտասարդին նայեն որպես «ջահելի»:

Շարունակելի…

Աշոտ Գաբրիելյան

 Հաջորդը