տուն Լուրեր Գրողի պատասխանատվության մասին

Գրողի պատասխանատվության մասին

193
0

ashԱնհըդհատ շարունակվող ու շահարկվող այս թեման մշտապես չտրամաբանված եզրակացություների է հանգում, սակայն այդ չտրամաբանվածությունն ավելի հետաքրքիր է, քան բուն պատասխանատվության սանդղակներ որոշելը:

Պատմությունը մեզ, սակայն, թերընթերցվածություններով է հաճախ ի հայտ գալիս, ուր մենք առնչվում ենք հեղինակի այն պատասխանատվությանը, որը կարող է աղավաղել պատմության ոչ միայն իրողությունը, այլ զարգացումների միտվածությունը` ապրելիք ժամանակը տեղավորելով կեղծարար ավանդականության իշխանության ներքո կամ տիրապետողների տիրապետելի ոլորտում:

Ամեն դեպքում մենք սովոր ենք խոսել ու լսել յուրաքանչյուր մարդու առաքելության մասին, ավելին` մենք այդ առաքելությունը երբեմն տեղայնացնում ենք և խոսում հայրենիքի, ազգի, դավանանքի նկատմամբ ունեցած պարտականության մասին. եթե այս տիրույթում պետք է դատենք գրողի պարտականության խնդիրը, ապա, ուրեմն, մենք ևս պետք է տեղավորվենք կեղծարար շարունակականության կամ տիրապետողների տիրապետելի ոլորտներում:

Մենք լավ հասկանում ենք շինարարի, բժշկի, գրադարանավարի և մյուս մասնագիտության տեր անձանց  բուն առաքելությունը: Այս ամենը մարդկային հասարակական հարաբերությունների կարգավորումն է: Սակայն պետք է ընդունենք, որ ոչ մի իդեալական հասարակարգ չի մեղմացնում մարդու համընդհանուր խնդիրը` արդյո՞ք մարդն առաքելություն ունի տիեզերքում և ո՞րն է նրա գոյության իմաստը:

Առաքելությունը ենթադրում է արարք և պարտականություն: Ո՞ւմ է պետք կատարված արարքը և որքանով է այն օգտակար, երբեմն` նաև վնասակար: Համընդհանուր մարդկային հասարակության պարագային` ընդհանուր ու միակամ օգտակարության մասին խոսելը անհեթեթություն է:

Այս դիտանկյունից նայելով` գրողի արարքը գրելն է: Ոչ մի գրող չի կարող բացառել ազդեցություն իր գրի վրա: Տառատեսակ գործածելն արդեն խոսում է որևէ ազդեցության մասին: Գրողը մինչև մտածելը մտածվում է: Գրողը մինչև կայանալը կայացվում է: Հասարակական, սոցիալական, բնակլիմայական պայմանները թելադրում են: Այսինքն` եթե կա ազդեցություն, ուրեմն կա պատասխանատվություն: Նույնիսկ բռնապետության հանդեպ գրողի ըմբոստությունը նման է հայրեր և որդիներ հարահոս հարաբերությանը: Պետք է նկատել նաև, որ բռնապետություններում գրականության և գրողի առաքելության դերը չափազանված է:

Ուստի` այս ամենով հանդերձ` ո՞րն է գրողի առաքելությունը: Առաքելություն բառն օգտագործում եմ, որովհետև չբացառեցի պատասխանատվությունը:

Ինչու է այսօր հասարակությունը գլխավորապես խուսափում գրականությունից. որովհետև նա ներքին բնազդով լավ հասկանում է, որ ինքը կարող է տարերայնորեն գաղափարի զոհ դառնալ: Նրան որքան որ հասանելի են դարձրել գրականության պատմությունից (եվրոպական և եվրոպամետ երկներում սկսելով Հին Հունաստանի օրինակից), աստվածները մարդկային կերպարանք առած փորձում եմ կարգավորել մարդկային հարաբերությունները, թեպետ ինքը ցանկանում է ապրել աստվածների կյանքով: Հունական թատրոններն այդ պատրանքն էին փորձում ստեղծել:

Ի՞նչ թամաշա է այսօր մեզ մատուցվում: Առաջին հայացքից ազատության չափաբաժինը մեզ անսահմանափակորեն տրված է, բայց իրականում, մենք լավագույնս կրթվել ենք մեր սահմանի ծակուծուկերը քննելու ու մեզ հասանելի բոստանում արածելու համար: Ուստի` այսօր թերուսներիս համար լավագույն միջոցը հեգնանքն է: Այնուամենայնիվ` այսօր ամենակարևորը հեգնանքն է, ինչն ամենաառանցքայինն է հայրեր և որդիներ հարաբերության համար: Այլակարծության մասին`  կոնցեպտուալիզմը դեռ դեղամիջոց չէ:

Աշոտ Գաբրիելյան

Նախորդը / Հաջորդը