Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց ոլորտի մի խումբ բժիշկների և բուժսպասարկողների հետ: Հանդիպման հիմնական թեման բժիշկների արտահոսքն էր, որը պարզապես աղետալի բնորոշեց նա: «Մեր գիտակցության մեջ պետամրագրված լինի, որ հիվանդանոցը շենք կամ պատեր չեն, — իր խոսքում շեշտեց Գրիգորյանը: -Բուժհաստատությունը նույնիսկ սարքավորումները չեն, որոնց առկայությունը,ինչ խոսք, ժամանակի պահանջ է: Մեր բուժհաստատությունները, ավելին`մեր առողջապահական համակարգը, առաջին հերթին մեր բուժանձնակազմերն են` սկսած հենց տեխնիկական աշխատողներից մինչև բուժքույրեր ու բժիշկներ: Ավելի հեռուն գնալով` ես պնդում եմ, որ հատուկ կարգավիճակ պետք է տրվի մեր առաջատար, հեղինակավոր բժիշկներին: Ո´չ ավել, ո´չ պակաս` նրանք ազգային արժեք են: Ինքներդ նայեք, թե վերջին շրջանում ինչպիսի բարձրակարգ բժիշկների արտահոսք ենք ունեցել: Ուղղակի արյունահոսել ենք: Սա պարզապես աղետ է մեր առողջապահական համակարգի համար: Ինչպե՞ս է, որ օտար երկրների կլինիկաներում նրանք արժանավայել և մասնագիտական բարձր որակի ու պատասխանատու ծառայություններ են մատուցում: Հետևապես, մեզանում արհեստականորեն չի կայացվում ոլորտը: Մինչդեռ իրական ծրագրեր են պետք… իրական…»:
Գ. Գիրգորյանը ասաց, որ բարձրացված հարցը շատ գլոբալ է, որի լուծմանը գոնե մոտենալու համար պետության գործուն մասնակցությունն է անհրաժեշտ: «Նախ առողջապահության ոլորտի զարգացումը պետք է ընկալվի իբրև պետության գերակա շահ: Պետությունն հենց ինքը պետք է ներդնի այնպիսի համակարգ, որը կհավաստի պետության պարտավորությունը իր քաղաքացիների առողջության պահպանման ու բուժսպասարկման կազմակերպման հարցում», — եզրափակեց նա: