Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ինտերնետում հայերենի հետ կապված խնդիրներից, «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը կարևորեց հետևյալ խնդիրները:
«Հայատառ գրելու խնդիրը նախ բարդ է նրանով, որ հայերենը երկու տեսակ ունի՝ արևմտյան և արևելյան: Երբ մենք խոսում ենք դրանցից որևէ մեկով, մենք իրար հասկանում ենք, բայց երբ սկսում ենք գրել՝ մեքենան ի վիճակի չէ հասկանալ, այն ինչ գրում ենք, որովհետև ամեն մի տառի համար պետք է համապատասխան թիվ ավելացնել: Հենց այստեղ է, որ մենք մեծ խնդիրներ ենք ունենում»,-նշեց բանախոսը:
Վերջինս հատկապես կարևորեց հայերենում «և»-ի և «վյուն»-ի խնդիրը, որոնք տարբեր կերպ են գրվում և հաճախ չեն հասկացվում: ՀԿ նախագահը նշեց, որ մեծ ձեռքբերում է համարում Unicode-ում դրանց ներմուծումը: Բանախոսը կարևորեց նաև «օ»-ի հետ կապված խնդիրները:
«Դոմեյններում մենք ունենք գրանշանների խնդիր: Մեր տառերից ոմանք, ինչպես օ-ն, շատ նման է լատինատառ օ-ին: Դրանք չեն տարբերվում, ուստի եթե դոմենում անվան մեջ հայերեն օ-ի փոխարեն լատինատառ օ-ին համապատասխանող թիվը գրենք, լատինատառ օ-ն մեզ լրիվ ուրիշ կայք կտանի: Մենք հաճախ չենք էլ հասկանա, ինչու սա պատահեց, որովհետև տեսողական առումով դրանց մեջ տարբերություն չենք տեսնում»,-ընգծեց նա՝ հավելելով, որ դոմենային համակարգում ևս մի շարք անավարտ աշխատանքներ կան:
Վարդուհի Ստեփանյան