Գիրքը միայն գրվելով չի դառնում «գիրք». պարզաբանեց գրականագետ Անի Փաշինյանը AraratNews-ի հետ զրույցում. «Այսօր շատ լավ ստեղծագործողներ կան, պարզապես մոտեցումներն այն չեն: Ստեղծագործողների աշխատանքը գրականագետների, գրաքննադատների հետ շատ կարևոր է: Ուղղակի ժամանակի գրականագետը պետք է տեսնի այն, ինչ որ կա: Այն՝ ինչ որ եղել է` մենք արդեն տեսել ենք շատ անգամներ: Մեզ պետք է նոր գրողների ի հայտ բերել, նոր ստեղծագործողների: Գրականագետը պիտի տեսնի նոր գրողին ու լուսաբանի՝ դա կլինի գրախոսություն, առաջաբան գրքի, էսսե, ասուլիս, հոդված: Այսինքն, խոսել գրականության մասին՝ նշանակում է գրականությունը առաջ տանել: Բայց ոչ բոլոր գործերը կարելի է այսպես ներկայացնել ու խոսել դրանց մասին: Ահա այստեղ մենք ունենք գրաքննադատությունը ճիշտ հարթության վրա պահելու խնդիր: Ընթերցողն ինքը արդեն կզգա, իհարկե, բայց ցույց տալ, ներկայացնել պետք է, իհարկե, գրականագետին»:
Պետք է պահել շրջանագծի երեք օղակների կապը՝ գրող, ընթերցող, գրականագետ կամ գրաքննադատ, հայտնեց Անի Փաշինյանը. «Վերջերս ինչքան բուլվարային գրքեր են տպագրվել: Վերցնել և բոլորը կարդա՞լ: Այստեղ ճիշտ գրականագետների աշխատանք է անհրաժեշտ, ճիշտ գնահատական տալ ստեղծագործությանը: Ոչ միայն պետք է լինի «Ընկերոջս գործն է` գրախոսեմ» կամ էլ «Ծանոթիս գործն է` լռեմ, չթողնեմ որ մեկը գրաքննադատի», այլ պետք է երևա գրականագետի ճիշտ աշխատանքը»:
Գրականագետը հավատացած է, որ ճիշտ գրականություն ընտրելու դեպքում կնվազեն, նույնիսկ կվերանան ինքնասպանությունները. «Ես որպես գրականագետ ասում եմ, որ ինքնասպանությունները իսպառ կվերանան: Գրականությունը այն ուժն է, որ կարողանում է բուժել, և սա ինչ-որ աղանդավորական հայտարարություն չէ»: