Անհատական տներում տեղադրված վերելակները չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը: Երեկ տեղի ունեցած դեպքի հետ կապված, որի արդյունքում մահացավ հինգ տարեկան երեխան, վերելակը ենթակա չէ վերահսկողության:
«Ինչպես զրույցից պարզ դարձավ, վերելակը շահագործվել է առանց դռների: Սա անվտանգության կանոնների կոպիտ խախտում է: Մինչև այժմ վերելակ պոկվելու միայն մի դեպք է տեղի ունեցել: Խորհրդային տարիներին տեղադրված վերելակներից այս դեպքն աննախադեպ էր: Այդ դեպքում տեղի է ունեցել թերի սպասարկում: Երևան քաղաքում տեղադրված են և շահագործվում են 4341 վերելակներ: Դրանց մեծ մասը խորհրդային տարիներից է մնացել: Տեխնիկական ճիշտ սպասարկման միջոցով կարելի է դրանց շահագործումը երկարեցնել: Ներկայում թվով 49 վերելակների փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն»,- ասաց նա, սակայն հայտնի չէ, թե այժմ դրանք շահագործվո՞ւմ են, թե` ոչ:
Լուսինե Հովհաննիսյանի փոխանցմամբ` յուրաքանչյուր վերելակի շահագործման ժամկետը մինչև 25 տարի է:
Ըստ մասնագետի` մենք ունենք պահեստամասերի ներկրման խնդիր. դրանք շատ թանկ են: Կա նաև մասնագետների ներգրավման խնդիր: Էլեկտրամեխանիկների աշխատանքը բարդ է, երիտասարդները չեն ուզում ներգրավվել այս գործի մեջ, քանի որ պատասխանատվությունը մեծ է, իսկ աշխատավարձը` ցածր:
«Պետք է պարզել, թե որ կազմակերպությունը կամ անհատն է տեղադրել վերելակը: Պետք է պարզել, թե արդյոք այդ վերելակը նախատեսված է մարդկանց տեղափոխելու, թե՞ բեռներ տեղափոխելու համար»,- նշեց նա:
Լուսինե Հովհաննիսյանի պնդմամբ` անհատական տներում տեղադրված վերելակների տեղադրման թույլտվությունը ՏԿԱԻՆ-ը չի տրամադրում: