տուն Լուրեր Գործազուրկների թիվն աճում է. ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում գնալ Ռուսաստան

Գործազուրկների թիվն աճում է. ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում գնալ Ռուսաստան

119
0

armenia-emigration-

2014 թվականին Շիրակի մարզում աշխատանք փնտրող մարդկանց թիվը եղել է 9000, իսկ 2015  թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ թիվը հասել է 15 հազար 400-ի: Ինչո՞ւ է գործազուրկների թիվն ավելացել, և որոնք են հիմնական պատճառները: Այս հարցերի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ Զբաղվածության պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանը:

«Հիմնական պատճառներից մեկը կարելի է կապել միգրացիոն տեղաշարժերի հետ:  ՌԴ-ում և ընդհանրապես մեր հարևան երկրներում, միջին արևելքում ստեղծված բարդ տնտեսական իրավիճակը հանգեցրեց ռուսական տնտեսությունում աշխատատեղերի կրճատմանը, ռուբլու փոխարժեքի տատանմանը. պատճառներից մեկը դա է»:

Գագիկ Թորոսյանը խոսելով գործազրկության  մասին՝ մեկ այլ խնդրի ևս անդրադարձավ.«Մարդիկ նախկինում չէին դրանցվում զբաղվածության կենտրոններում՝ չիմանալով կենտրոնների գործունեության մասին: Միշտ, հատկապես վերջին տարիներին կենտրոնների հետ կապված սխալ ընկալում է եղել: Հիմա մեր գործակալությունն իրականացնում է զբաղվածության ակտիվ ծրագրեր և մարդկանց իրազեկվածության աստիճանը բարձրացել է, ու նրանք արդեն սկսել են ավելի շատ դիմել՝ թե գյուղերից, թե քաղաքներից»:

Ասուլիսի մյուս բանախոս, «Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ ղեկավար Տաթևիկ Բեժանյանն անդրադարձավ գործազրկության պատճառով առաջացած միգրացիոն խնդիրներին.«Քանի դեռ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ մարդիկ այստեղ չեն կարող գտնել աշխատանք կամ այնպիսի աշխատանք, որը կբավարարի նրանց կենսապայմաններն ապահովելու համար՝ բնականաբար, մարդիկ այստեղից մեկնելու են»:

Միգրացիոն հոսքերի մասին խոսելիս՝ բանախոսը մի քանի խնդիրների ևս անդրադարձավ.«Հիմնական խնդիրը ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունն է, ինչի արդյունքում մեծ թվով մեր հայրենակիցները վերադառնալուց հետո պարզապես մուտքի արգելքի տակ հայտնվեցին և չկարողացան մեկնել Հայաստանից: Դա իրենց կամքից անկախ պայմաններն էին, որ ստիպեցին մնալ Հայաստանում: Ես վստահ եմ, որ եթե այդ խնդիրը չլիներ՝ մեկնողների թիվը շատ ավելի մեծ կլիներ: Այս պահին 3 0 հազարից ավելի մարդ ամբողջ Հայաստանում դեռևս գտնվում է մուտքի արգելքի տակ և չի կարողանում մեկնել Ռուսաստան»:

Տաթևիկ Բեժանյանի կարծիքով արտագնա աշխատանքի համար Ռուսաստան մեկնած մեր հայրենակիցներից շատերը ևս վտանգի մեջ են.«Հիմա Ռուսաստանում գտնվող 170 հազարից ավեիլ մեր հայրենակիցները  պարզապես ռիսկի գոտում են՝ որ պահին նրանք լքեն ՌԴ սահմանը՝ կգտնվեն մուտքի արգելքի տակ և չեն էլ կարող մնալ, որովհետև դա էլ ունի իր ավելի ծանր հետևանքները. ՌԴ-ում եթե միգրացիոն ծառայությունը, ոստիկանությունը կամ մեկ այլ պատասխանատու գերատեսչություն բացահայտի այդ մարդկանց անօրինական գտնվելը, ապա նրանք միանշանակ կարտաքսվեն երկրից»:

Վերջում բանախոսը նշեց, որ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե երկրում տնտեսական իրավիճակն այնպիսին լինի, որ գործատուները ցանկանան ընդլայնվել, բացել նոր աշխատատեղեր.«Այդ դեպքում մենք կունենանք հնարավորություն, որ մեր երիտասարդները, կամ ընդհանրապես, աշխատող մարդիկ ի վիճակի լինեն Հայաստանում աշխատելու, որովհետև վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից մեկնողները հենց աշխատունակ տարիքի՝ 20-ից 55 տարեկան անձինք են»: