Գորիսում 2015 թվականի փետրվարի 9-12 տեղի կունենա ազգային սեմինար` նվիրված «Խելացի քաղաք» նախաձեռնությանը: Աշխատաժողովի մասնակիցները կքննարկեն «Խելացի քաղաք»-ի հայեցակարգը, մարտահրավերները, նախաձեռնությունները, գործունեությունը, նպատակները և ակնկալվող արդյունքները, հայտնում են ՀՀ Քաղաքաշինության նախարարությունից:
Առաջարկվող ծրագրի ռազմավարական նպատակն է խթանել քաղաքների կայուն զարգացումը, հատկապես անցումային տնտեսություններ ունեցող և զարգացող երկրներում` հմտությունների և քաղաքականության վերլուծության, պիլոտային գործունեության, իրականացված լավագույն ծրագրերի փորձի փոխանակման, փոխգործակցության և կարողությունների հզորացման միջոցով:
ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովի կողմից ներկայացված «Միացյալ խելացի քաղաք» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս քաղաքն ընտրվել է որպես փորձացուցադրական քաղաք:
ՀՀ Քաղաքաշինության նախարարության, Գորիսի քաղաքապետարանի, ՄԱԿ ԵՏՀ-ի, UNDP-ի և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանի ազգային գրասենյակի հետ համտեղ կմշակեն Գորիսի «Խելացի քաղաքի» հիմնական ցուցանիշնեը, համագործակցելով նախագծի հիմնական գործընկերների հետ: «Խելացի Քաղաք» նախաձեռնության մեկնարկը Գորիսում կսկսվի նախնական գնահատմամբ, որը կիրականացվի ՄԱԿ-ի ԵՏՀ փորձագետների միջոցով:
Ծրագրի փորձագետները, համագործակցելով տեղական իշխանությունների և գործընկերների հետ կկատարեն տվյալների հավաքագրում և կպատրաստեն Գորիս քաղաքի նկարագիրը: Ծրագրի շրջանակներում Գորիսում նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք կիրականացվեն ազգային, տեղակական և միջազգային կառույցների մասնակցությամբ:
Ինչ ասել է՝ «Խելացի քաղաք»: Դա մի քաղաք է, որը կարող է ապահովել մատչելի բնակարանաշինություն, նվազեցնել էներգիայի սպառումը և աղտոտող արտանետումների մակարդակը: Այն աջակցում է կանաչ, առողջ, խելացի ու կայուն մարդկային բնակավայրերի ստեղծմանը, խթանում է ներդրումների իրականացմանը տարբեր ոլորտներում և արդյունավետորեն կառավարում է առկա ֆինանսական ռեսուրսները: Աջակցում է քաղաքային հողերի կայուն կառավարմանը:
«Խելացի քաղաքներ» նախաձեռնության նպատակն է նախագծի շրջանակներում աջակցել պետական և տեղական իշխանություններին՝ մշակելու և իրականացնելու պետական և տեղական քաղաքականություն՝ կայուն քաղաքաշինական զարգացման համար: