2014 թ-ի իրականացված մարքեթինգի տվյալները այսօր ներկայացրեցին «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը և «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիթորինգի և մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը: «Անցած տարվա դեկտեմբերի 15-ից մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը հետազոտվել են մոտավորապես 3000 ապրանքատեսակ: Առանձնացրել ենք 50 լավագույն արտադրողների»:
Հացաբուլկեղենի արտադրությունը Հայաստանում գտնվում է շատ վատ վիճակում, հայտնեց Ռուբեն Հայթյանը: «Հացի պիտակի վրա պետք է անպայման նշվի արտադրողի անունը, հացի որակը, ալյուրի տեսակը, որը չի կատարվում: Հացի արտաքին տեսքը խաբուսիկ է: Միայն գեղեցիկ տեսքի համար չարժե հաց գնել»:
Կաթնամթերք արտադրող 32 ընկերություններից 4-ն են լավագույնների մեջ մտնում՝ ըստ Ռուբեն Հայթայանի: «Կաթնամթերք արտադրող ընկերություններից ինչպես միշտ լավագույնների ցուցակում են գտնվում «Աշտարակ կաթ» ընկերությունը, «Թամարա»-ն, «Չանախ»-ը և «Մարիաննան»: Մսամթերք մոտ 6 տասնյակից արտադրողներ կան, որոնցից 10-12-ն են լավագույն արտադրողները: Դրանցից են՝ «Բարի Սամարացին», «Բեկոնը», և այլ ընկերություններ: Ի դեպ դրանց հումք է հանդիսանում Հնդկաստանից ներմուծվող գոմեշի միսը: Դա այն գոմեշը չէ, որ մենք պատկերացնում ենք: Դա լավ, վարդագույն գույն ունեցող, շուտ եփվող միս է, որը պետականորեն թույլատրված է օգտագործել մսամթերքի արտադրությունում»:
Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների վրա չի նշվում, թե հումքը որն է, նեկտար է, թե մաքուր 100 տոկոսանոց բնական հյութ, հայտնեց Մելիտա Հակոբյանը: «Հայաստանում չկա մաքուր 100 տոկոսանոց հյութ: Արտադրվում է միայն նեկտար, որտեղ խյուսի քանակը ըմպելիքի մեջ կազմում է 40 տոկոս: Հավի և ձվի ոլորտը ևս չի վերահսկվում: Դա ապացուցում է ձվի քանակի բումով՝ և մի քանի օրից ձվի քանակի սահմանափակ լինելով»: