ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ժամացույցների խանութ-սրահից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, 2018թ. հոկտեմբերի 1-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:14-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող ժամացույցների խանութ-սրահից ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է «Կապո» մոդելի ձեռքի ժամացույց:
Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրվում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: