ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առերևույթ յուրացումներ կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147.300.838 ՀՀ դրամով, վաճառել է հիշյալ ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 70. 000. 000 ՀՀ դրամ:
Յուրացումներ կատարելու դեպքի առթիվ 2019թ. օգոստոսի 19-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը միացվել է նույն համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործին: