Այսօր տեղի ունեցավ «Ժողովրդական հասարակական նախաձեռնության» անդամների առաջին հանդիպումը լրագրողների հետ, որի ընթացքում ներկայացվեց նախաձեռնության՝ սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք Հայաստան Ժողովրդական հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր ժողովին վերաբերող հարցեր: Ասուլիսին նախաձեռնության անդամները մանրամասն ներկայացրեցին նախաձեռնության ստեղծման նպատակը և գործունեության ծրագիրը: Իշխան Թովմասյանը, ներկայացնելով իրենց անելիքները, ասաց, որ իրենց հավաքը գլխավորապես Սահմանադրական փոփոխությունների առիթով է: Իրենք հրավիրել են տարբեր քաղաքական գործիչների, ինչպես նաև Սահմանադրական հանձնաժողովի անդամներին, որպեսզի պատասխանեն իրենց հուզող հարցերին: «Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մենք գտնում ենք, որ իշխանությունը ժողովրդին վերադարձնել է պետք: Քաղաքացին պետք է իրեն հուզող հայեցակարգերում կարողանա իր խոսքը հասցնել տեղ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Մեր ամբողջ խնդիրն է՝ սեպտեմբերի 25-ից հետո գնալ դեպի այդ գործընթացը»,- եզրափակեց բանախոսը: Շարժման ներկայացուցիչներն ասացին, որ իրենց խնդիրներից է Հայաստանում կոռուպցիայի ոչնչացումը: «Ինչու Հայաստանում օրենքով չեն ամրագրում կաշառք վերցնողին գնդակահարելը: Ես մեր միջոցառման ժամանակ անելու եմ այս առաջարկը»,- եզրափակեց Իշխան Թովմասյանը: