ԱՎԾ-ն հրապարակել է 2016 թ.-ի հունվար-ապրիլ ամիսների սպառողական գների ինդեքսը, ըստ որի այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 98,5%: Այստեղ ամենաշատը գնանկմանը նպաստել են պարենային ապրանքների գների անկումը՝ 95,1% և սպառման ապրանքների գների անկումը, որը կազմել է՝ 96,5%: Ոգելից խմիչքների ու ոչ պարենային ապրանքների գնանկումը չնչին է եղել, իսկ ծառայությունները, ընդհակառակը գրանցել են 103,1% արդյունք:
Նշենք, որ վերջին 3 ամիսների ընթացքում Հայաստանում շարունակաբար գրանցվում է սպառողական գների նվազում, որի վերաբերյալ հակասական կարծիքներ են առաջացել: Մի կողմից, այն սպառողների տեսակետից դրական է գնահատվում, քանի որ երկար ժամանակ խոսվել է հայկական շուկայում անկատար մրցակցության արդյունքում ձևավորվող բարձր գնաճային միտումների մասին և այս գնանկումը այդ տեսակետից դրական է գնահատվում: Հիշեցնենք, թե որքան շատ են մեղադրանքներ հնչում, թե արտերկում այս կամ այն ապրանքի գների նվազումը (օրինակ էներգակիրների, հացահատիկի և այլն) ինչու չի բերում այդ ապրանքների գների էական նվազմանը մեր շուկայում:
Մյուս կողմից էլ, վերջին դեֆլյացիոն միտումները, տեղական արտադրողների համար կարող են լուրջ խնդիրների՝ մասնավորապես տեղական ապրանքների ծավալների կրճատման, ձեռնարկությունների փակման և գործազրկության պատճառ դառնալ: Գնանկումը բացասական է ազդում նաև պետական բյուջեի եկամուտների մուտքերի վրա:
Մեր շուկայում, նկատվող գնանկումը պայմանավորված է առաջին հերթին արտաքին շուկաներից ներմուծվող ապրանքների գների անկումով, և բացի այդ բնակչության գնողունակության անկումով, ու պոտենցիալ սպառողների քանական նվազման փաստով:
Նշենք, որ ցածր գնաճային, ինչպես նաև գնանկումային միտումները վերջին տարիներին գլոբալ բնույթ ունեն: Ըստ ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նույնպես, ԱՊՀ երկրներում առաջին եռամսյակի տվյալներով հիմնականում նկատվել է ոչ բարձր գնաճ: Այն բարձր է եղել միայն Ադրբեջանում՝ 106,7 % և Բելառուսում՝ 105,7%: ԱՊՀ մնացած երկրներում, այդ թվում նաև Ուկրաինայում գնաճը կամ շատ ցածր է եղել, կամ էլ գնանկում է գրանցել, ինչպես օրինակ Ղրղզստանում՝ 98,8%:
Այժմ գլխավոր հարց այն է, թե Հայաստանում շարունակվող գնանկումը վտանգավոր միտումներ պարունակու˚մ է իր մեջ: Ասենք, որ դեռևս ոչ, քանի որ, ինչպես նշեցինք գնանկումը ավելի շուտ պայմանավորված է հիմնականում ներմուծվող ապրանքների գների անկումով: Բացի այդ, սովորաբար հունվարից մինչև հունիս-հուլիս սովորաբար գնաճի տեմպեը կամ ցածր են լինում կամ գնանկում է նկատվում: Բացի այդ, դժվար թե համաշխարհային շուկաներում այս վիճակը երկար տևի:
Իսկ տեղական ձեռնարկությունների ոչ լավ վիճակը պայմանավորված է ներկա պահի դրությամբ ոչ այնքան գնանկման միտումներով, որքան հարկային քաղաքականության, գնողունակության անկման և այլ իրողություններով պայմանավորված:
Սակայն, գնանկումը երկար շարունակվելու և դրա չափերի մեծացման դեպքում անշուշտ դա շատ ռիսկային կարող է լինել նաև տեղական արտադրողների համար: Անկախ ամեն ինչից, ԿԲ-ն պետք է ուշադիր լինի այս գործընթացների վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում կիրառի իր գործիքները գների կայունության պահպանման համար (թեկուզև դրամական զանգվածի ավելացման միջոցով): Իսկ Կառավարությունը իր հերթին, պետք է շարունակի հարկային բարեփոխումները, իսկապես հավասար պայմաններ ստեղծի փոքր և միջին բիզնեսի համար և անհրաժեշտության դեպքում ձեռնարկություններին աջակցության այլ միջոցներ ցուցաբերի: