ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում խոսեց աղմուկ հանած պարգեւավճարների մասին: Նիկոլ Փաշինյանը զարմանում է՝ ինչո՞ւ են քննադատում այսպես ասած 13-րդ աշխատավարձ ստանալը: «Մենք այսօր բարձր որակավորման կադրեր ներգրավելու խնդիր ունենք: Մարդիկ կան, որոնք ունեն որակավորում, հրավիրում ենք նախարար աշխատելու, ասում են՝ բարձր աշխատավարձ կտա՞ք, կգանք: Ասում են՝ մենք 5-10 մլն դրամ աշխատավարձ ենք ստանում, գանք 400-600.000 դրամո՞վ աշխատենք, եթե վարկային պարտավորություն ունենք»,- ասաց ՀՀ վարչապետը:
Վարչապետը հիշեցրեց՝ այդ թեմայի հետ կապված կա որոշակի թյուրըմբռնում։ Աշխատավարձերն ու պարգևավճարները վճարվում են պետական բյուջեի այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց աշխատավարձերի ու պարգևավճարների համար։ Իսկ պարգևավճարներն այդ աշխատավարձի մասն են: Երբ պարգեւավճարները երբ բաժանում են ամիսների, 50.000 դրամի աշխատավարձի հավելում է լինում: «Դա մե՞ծ պրոբլեմ է: Ասում են՝ մարզպետն ինքն իրեն աշխատավարձ է տվել: Բա ինքն է այդ սուբյեկտը, բա ի՞նչ անի: Դա նույնն է, որ ասենք՝ կառավարությունն ինքն իրեն աշխատավարձ է նշանակել»,- ասաց պարոն Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ ինքը խոստացել է ՀՀ քաղաքացիների վիճակը վատացնող քայլեր չձեռնարկել, հետևաբար, չի զրկել պետական աշխատողներին ամեն տարի տրվող հավելավճարներից։ Եվ սա, նրա խոսքով, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի լուծել աշխատավարձերի հետ կապված հարցը։
Վարչապետին զարմացնում են նաև այն քննադատությունները, թե այս կամ այն երկիր գնալիս հայաստանյան պատվիրակությունն ո՛ւմ փողով է գնացել: «Ժողովո՛ւրդ ջան, պետական բյուջեի միջոցներով պետք է գնա, բա ո՞ւմ միջոցներով գնա: Մենք պետք է գնանք տարբեր մեծահարուստներից փո՞ղ խնդրենք, որ ծախսերը փակենք, որ հետո էլ մեծահարուստնե՞րը մեզանից արտոնություններ խնդրեն: Այլ հարց է, որ քանակական ու որակական ցուցանիշների հարցում պետք է պահանջկոտ լինել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Սոնա Դավթյան