ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի աշխատանքները: Քննարկվում է գլխավոր դատախազի ընտրության հարցը, դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը խորհրդարանականներին է ներկայացնում այն ծրագիրը, որը պատրաստվում է ընտրվելու դեպքում իրականացնել, և պատասխանում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե դատախազի թեկնածուն ի՞նչ է պատրաստվում անել «Մարտի 1-ի» գործը բացահայտելու համար:
«Մենք խորհրդարան ենք մտել՝ «Մարտի 1-ի» գործը բացահայտելու եւ հանցագործներին ու կազմակերպիչներին պատժելու ծրագրով: Ձեր նախորդի նախորդը համարձակություն ունեցավ բացահայտ հայտարարել, որ գործը փակված է, նույնիսկ ծնողներին մեղադրեց գործը ձգձգելու համար: Եկավ ձեր նախորդը, խոստումներ տվեց բոլորի ներկայությամբ՝ տղամարդու խոստում, խոստացավ, որ սայլը տեղից շատ արագ կշարժվի: Գնաց ինքը՝ իր խոստումների հետ՝ ոչինչ չանելով: Հիմա եկել եք Դուք, ի՞նչ եք մտածում կազմակերպել այս ուղղությամբ»,- դիմելով գլխավոր դատախազի թեկնածունին` հարցրեց ՀԱԿ պատգամավորը:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն վստահեցրեց` ընտրվելու դեպքում հարցն իր ուշադրության կենտրոնում է լինելու:
«Որպես մեր հանրությանը հուզող կարևորագույն քրեական գործ՝ գլխավոր դատախազ ընտրվելուց հետո ինձ համար այդ քրեական գործի մանրամասն ուսումնասիրությունը և դրա բացահայտումը, հանրությանը հետաքրքրող տեղեկատվության տրամադրումը իմ առաջնահերթություններից մեկն է լինելու»,- վստահեցրեց Դավթյանը, հավելելով, որ չբացահայտվող հանցագործություններ չպետք է լինեն:
Արամ Մանուկյանն առաջարկեց. «Հինգ ամսվա ընթացքում գրավոր Ձեր խմբակցությանը կամ խորհրդարան ներկայացնել «Մարտի 1-ի» գործով ընթացքը և Ձեր մոտեցումները»:
Շողիկ Գալստյան