տուն Լուրեր Գիտության ոլորտում հայ-հնդկական արձանագրություն է ստորագրվել

Գիտության ոլորտում հայ-հնդկական արձանագրություն է ստորագրվել

67
0

KrtutyannaxararutyunՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ապրիլի 1-ին ստորագրվեց «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի միջև համագործակցության մասին» արձանագրություն: Հայկական կողմից արձանագրությունն ստորագրեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Գ. Հարությունյանը, իսկ հնդկական կողմից` Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի միջազգային համագործակցության հարցերով խորհրդական Ս. Կ. Վարշնին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արձանագրության նպատակն է ամրապնդել 1994 թվականի մարտի 25-ին Նյու-Դելիում կնքված ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համաձայնագրով ամրագրված կապերը: Այն նպաստելու է կողմերի միջև համագործակցության խորացմանը, խթան է հանդիսանալու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների, երկու երկրների գիտական կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական խմբերի միջև համագործակցային կապերի ամրապնդմանը:

Համաձայն արձանագրության` կխրախուսվի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախագծերի իրականացումը, կհամակարգվի համատեղ գիտահետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այն է` երկրաշարժերի ու աղետների ռիսկերի կառավարում, աստղաֆիզիկա, միջուկային բժշկագիտություն, բարձր էներգիաների ֆիզիկա, դեղագիտություն: