Araratnews.am-ի արխիվից.
Կյանքումս դժվար ժամանակներ էին: Ուր գնում էի ամեն ինչ չորանում էր, գնացի պատերազմ պատերազմն էլ ավարտվեց:
Սա միակ դեպքն է, որ Ղարաբաղյան հերոսամարտերի մասնակից Սերգեյ Ստեփանյանն իր կյանքի այս դժվար օրինաչափությունը դրական է գնահատում: Պատերազմական դժվար տարիների և դրան հաջորդած հետաքրքիր իրադարձությունների մասին Սերգեյ Ստեփանյանը պատմեց Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում:
Առաջին անգամ Սերգեյը փորձել է դիրքեր գնալ 1989 թվականին, մինչդեռ դա նրան հաջողվել է միայն 1994-ին: «1989-ին գիտեի, որ քաղաքում հավաքներ են: Ես էլ էի գնացել հավաքագրման կետ, գրանցվել էի, ու արդեն պետք է մեզ տանեին դիրքեր, բայց առաջին անգամ գնալս չհաջողվեց».-պատմում է մեր զրուցակիցը:
Մինչդեռ այս դեպքը չխանգարեց Սերգեյին 1994-ին գնալ Մարտակերտ և կռվել դիրքերում: Գնալուց առաջ Սերգեյը միայն մի բան էր խնդրել` ժպիտով ճանապարհել և ժպիտով դիմավորել իրենց:
-Գիտեմ, որ Ձեր ջոկատին դիրքերում «Գժեր» էին անվանում, ինչո՞ւ:
-Մեր անվախության ու աննորմալությունների համար: Մենք կարող է գիշերը որոշեինք, որ պետք է վախեցնենք թուրքերին ու շատ բարձր ձայնով երգում էինք. հայրենասիրական երգեր էինք երգում, գոռալով էինք երգում՝ թուրքերն էլ վախենում էին:
Մի անմեղ գժության մասին, որն օգնեց գրավել Թալիշի դիրքերից մեկը։
Մի անգամ որոշեցինք կատակ անել: Հիշում եմ` գժությունն իմ մտքին եկավ: Ասեցի տղաներին` ուզո՞ւմ եք այնպես անեմ, որ ամբողջ բրիգադը մեր դիրքերում հավաքվի, իսկ թուրքերը վախենան: Բնական է` բոլորին հետաքրքրեց, թե ինչ պետք է անեի: Կարտերը բաժանեցինք, սկսեցինք խաղալ, բարձր գոռալ ու բոլորով միաժամանակ օդ կրակել: Բոլորը եկան մեր դիրքեր` մտածեցին մեր դիրքերում մեկս մյուսի վրա ենք կրակել: Հետո բացատրեցինք, որ կատակ էինք անում: Մեկ էլ հաջորդ օրը մեզ գինի են ուղարկում` շնորհակալությամբ: Պարզվում է` մեր գժությունից թուրքերը վախեցել ու լքել են դիրքերը, մերոնք էլ գնացել գրավել են նրանց դիրքերը: Այսպես էլ գրավեցինք Թալիշի դիրքերից մեկը:
Թե ինչպես դիրքերում տնից նամակ ստացա։
Զինադադարից հետո էր: Մեզ տեսակցության էր եկել Աստվածատուր Պետրոսյանը: Նա շրջում էր շարքերով, և երբ ինձ հասավ, նամակ հանձնեց. տնից էր: Այդպիսի բան չկար, որ զինվորին դիրքեր նամակ բերեին: Ես էլ նամակը վերցրի, ծալեցի դրեցի գրպանս: Հավատս չէր գալիս, մի պահ չէի հասկանում հետս ինչ է կատարվում: Մի քանի վայրկյան անց նոր հասկացա, որ սա նամակ է տնից, արագ հանեցի գրպանիցս ու սկսեցի կարդալ:
Այգում գիլասի ծառ տնկեցի, որ եթե կռվից հետ չգամ, երեխաներս ամեն տարի ծառից օգտվելուց ինձ հիշեն։
Ղարաբաղ գնալուց առաջ որոշեցի, որ իմ այգում իմ սիրած գիլասի ծառից պետք է տնկեմ: Գնացի ծառ գնելու: Ծեր պապիկ էր, նկարագրեցի ինչ գիլաս եմ ուզում, ասեցի, որ կարող է էլ հետ չգամ, թող երեխաներս ու հարազատներս քաղեն, ուտեն և ինձ հիշեն: Ասեց` լսիր տղա ջան, դու հետ ես գալու, ամեն անգամ ուտելիս ինձ կհիշես. ողջ լինեմ՝ առողջություն կցանկանաս, մահացած լինեմ` ողորմի կտաս: Դե արդեն 21 տարի է անցել, բայց ամեն տարի ծառից բերք քաղելիս` էլի ուզում եմ առողջություն ցանկանալ:
Ընկերներ պատերազմից առաջ և հետո։
Ընկերների մի մասի հետ ծանոթացել եմ դիրքերում, մի մասի հետ էլ մինչև գնալս էի ծանոթ: Հիշում եմ` մեզ հավաքել էին քաղմասում, որտեղից պետք է տանեին դիրքեր: Շատերը անտրամադիր նստած էին, մենք էլ ընկերներով կատակներ էինք անում: Դիրքերում ընկերներից մեկն իր մարմնով անընդհատ ծածկում էր ինձ , երբ պայթյուններ էին լինում: Մի օր ջղայնացա, որ այդպես է անում, նա էլ ասաց, որ ես կին ու երեխաներ ունեմ և պետք եմ նրանց: Այդ ժամանակ Արայիկը դեռ ամուսնացած չէր: Երբ պատերազմն ավարտվեց և եկանք, որոշեցի, որ հենց նա էլ պիտի երեխաներիս կնքահայրը լինի:
Պետությունն աջակցել է միայն մեդալով։
Պատերազմից եկա ուղեղի ցնցմամբ: Բուժման համար ոչ մի աջակցություն պետությունից չեմ ստացել: Ստացել եմ միայն պարգևներ և մեդալներ: Նյութական օգնություն բոլորիս էր հասնում, բայց այն տրամադրվում էր որոշակի վերաբերմունք ցույց տալուց հետո: Ես էլ ոչ ցանկություն, ոչ էլ միջոցներ ունեի նման վերաբերմունք ցույց տալու: Ինձ հո ողորմություն պետք չէ՞ր: Պատերազմից հետո երկար տարիներ առողջական վիճակս լավ չէր, բայց հիմա ամեն ինչ լավ է: Առողջ եմ, ուրախ եմ, որ կարողացել եմ ոտքի կանգնել: Հպարտ եմ կնոջովս, ով դժվար պահերին կողքիս էր, և աղջիկներովս, որոնց շնորհիվ գլուխս երբեք չեմ կախում:
-Ձեր աղջիկների ուսման հարցում էլ պետությունից աջակցություն չեք ստացել:
-Երկու աղջիկներս էլ բարձրագույն կրթություն են ստացել, մեկը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, մյուսը` Երևանի պետական համալսարանում: Երկուսի ուսման վարձի հարցում էլ աջակցություն չի եղել, բայց սա չի խանգարել: Աղջիկներս սովորել են և գերազանցության դիպլոմով ավարտել: Դրանից մեծ նվեր և աջակցություն չկա, պետությունից էլ ոչինչ չեմ ուզում:
Մաղթանք և խորհուրդ սահմանն այսօր պահող զինվորներին։
Այս տղաներին ես խորհուրդ չեմ կարող տալ: Կարող եմ միայն շնորհակալ լինել և երախտագիտությունս հայտնել, որ այսօր այս տղաները պահում են մեր սահմանները, իսկ ես նրանց շնորհիվ այսօր հանգիստ աշխատում եմ, հարազատներս էլ` հանգիստ քնում:
Վարդուհի Ստեփանյան