տուն Արցախ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է պայթեցնել ամբողջ Կովկասը. Բորդյուժա

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է պայթեցնել ամբողջ Կովկասը. Բորդյուժա

84
0

58

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ օգնության խնդրանքով չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Չի եղել որևէ դիմում»,-ընդգծել է Բորդյուժան`լրագրողների հետ զրույցում պատասխանելով համապատասխան հարցին:

Նա հավելել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ իրեն հասկացրել են, որ «Հայաստանը մեծամասամբ դեռ չի օգտագործել ունեցած ներուժը», հետևաբար՝ դիմելու անհրաժեշտություն չի եղել:

Բորդյուժան դրական պատասխան է տվել հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին օգնության հասնել միայն այն դեպքում, երբ հարձակում լինի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, իսկ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի նորմերով Հայաստանի տարածք չի համարվում:

«Այո, դուք ճիշտ եք հասկացել»,- արձագանքել է Բորդյուժան` միաժամանակ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու անվտանգությունն ապահովելու համար:

«Եթե մենք ականատես լինենք ուղղակի ռազմական հակամարտությանը, ապա կփայթի ամբողջ Կովկասը: Այդ ժամանակ հակամարտության մեջ կներքաշվեն շատ պետություններ, և այդ հակամարտությունը կտարածվի Կովկասի շատ ժողովուրդների վրա: Դա շատ լուրջ է: Ես կարծում եմ, որ վճռականորեն այնտեղ պետք է խաղաղություն հաստատվի, քանի որ հակառակ դեպքում Կովկասում կսկսվի շատ մեծ պատերազմ: Ես դա չէի ցանկանա»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: