Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ծավալուն հարցազրույց է տվել «ТАСС» լրատվական գործակալությանը: Նա հայտնել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերի միջև Մոսկվայում ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն: Նա արձանագրել է, որ հրադադարի ռեժիմն այժմ ընդհանուր առմամբ պահպանվում է: Լավրովը մանրամասնել է, թե ինչ բանակցություններ է վարել Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Հիմա գլխավոր խնդիրը բռնությունների նոր ալիք թույլ չտալն է: Կարևոր է վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրագրված էին դեռևս 3-4 տարի առաջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարություններում, երբ հանդիպումներ էին անցկացվում մեր երկրների նախագահների մասնակցությամբ»,- ասել է Լավրովը` հավելելով, որ քննարկվել են նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վստահության միջոցների վերականգնման, դիակների, գերիների փոխանակման հետ կապված հարցեր:
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ նախկինում քննարկված, համաձայնեցված գաղափարները, օրինակ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու գաղափարը, այն քայլերն են, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել: Նա փաստել է, որ նախնական համաձայնությունները վերջնական հաստատված փաստաթուղթ չեն, սակայն դրա շուրջ աշխատանք է տարվում արդեն մի քանի տարի:
«Կարծում եմ, որ ներկա իրավիճակը մեզ բոլորիս կստիպի շտապ հավանություն տալ այդ քայլերին և կյանքի կոչել դրանք: Այդ հարցը ես բարձրացրել եմ Իլհամ Հեյդարի Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Նա աջակցում է այդ դիրքորոշմանը: Իհարկե, հաշվի առնելով այն գիտակցումը, որ այդ քայլերը չեն արվելու ստատուս-քվոն հավերժացնելու համար, դա ոչ ոք չի ուզում: Այդ քայլերն արվելու են, որ այժմ ձևավորվի ավելի նպաստավոր մթնոլորտ քաղաքական գործընթացի համար, որոնց շրջանակում Ռուսաստանը, բացի Մինսկի խմբի երեք համանախագահների ջանքերից, իրականացնում է սեփական նախաձեռնությունները: Նախագահ Պուտինը, իսկ իրենից առաջ նախագահ Մեդվեդևը ակտիվորեն առաջ էին տանում տարբեր գաղափարներ, որոնք թույլ կտան ապաարգելափակել իրավիճակը, որը տեղի կունենա Ղարաբաղի շրջակա տարածքներն ազատելով` Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու հետ միաժամանակ: Չեմ մանրամասնի, սակայն մի քանի տարբերակներ կան բանակցային սեղանին»,- նշել է Լավրովը: