Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու խնդիրը միշտ մեր օրակարգում է եղել, և վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ շեշտեցին դրա կարևորությունը. այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով այն հարցին, թե փաստորեն, եթե Մոսկվայում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի ԳԽ պետերը, նշանակում է , որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից: Ըստ Քոչարյանի` այդ ուղղությամբ շարունակելու են աշխատել: Ճշտող հարցին` Հայաստանի և Ադրբեջանի ԳԽ պետերն են հանդիպել, Շ.Քոչարյանն ասաց` եթե այդպես է հայտարարվել, ուրեմն այդպես էլ եղել է: «Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավելու հարցը, կրկնում եմ, մեր օրակարգի համար մեկ խնդիրներից մեկն է: Դա այլընտրանք չունի»,- շեշտեց փոխարտգործնախարարը: «Այս պահին կա ընդամենը պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին: Մնացած կողմերը լուծվում են»,- նշեց նա:
Քոչարյանի խոսքով` ՀՀ և ԼՂՀ փոխօգնության պայմանագիրը գտնվում է համաձայնեցման փուլում` և Հայաստանի գերատեսչությունների միջև, և Լեռնային Ղարաբաղի: «Մենք պետք է վերջնականացնենք տեքստը, համաձայնեցնենք այն, կստորագրվի, որից հետո կարելի կլինի խոսել վավերացման մասին»,- ասաց փոխարտգործնախարարը: Ինչ վերաբերում է Araratnews.am-ի հարցին, թե երբ Հայաստանը կսկսի ԼՂՀ անկախությունը ճանաչելու գործընթացը, Շ.Քոչարյանն ասաց, որ այսօր Հայաստանի կողմից այդպիսի գործընթաց նախաձեռնված չի, իսկ պայմանագիրը փաստաթուղթ է, որն ընդգծում է, որ Հայաստանի հարաբերությունները ԼՂՀ հետ իրավահավասարության վրա են:
Այլ մանրամասներ եւ տեսանյութը քիչ անց: