Քիչ առաջ Բելառուսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Այս մասին հաղորդում է Belta գործակալությունը:
Խորհրդարանում ներկայացնելով այս հարցը` Բելառուսի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Միխնևիչն ասել է, որ Ղարաբաղի Հանրապետությունը մաս չի կազմի ԵԱՏՄ-ին, ինչի մասին ընդունվել է հատուկ հուշագիր:
«Մենք մտահոգություն ունեինք, որ այն տարածքները, որոնք մաս չեն կազմում Հայաստանին, կարող էին հայտնվել Մաքսային միության մեջ: Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այս պահանջին, այս ցանկությանը: Պայմանագրին կից կցվել է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում: Հայկական կողմը նաև բանավոր հայտարարություն է արել այս հարցով», — ասել է Միխնևիչը:
Բելառուսի արտգործնախարարի խոսքով` Հայաստանը մեծ աշխատանք է կատարել իր օրենսդրական բազան համապատասխանեցնելու Եվրասիական միության կանոններին:
Տեղեկացնենք, որ ՀՀ ազգային ժողովի վավերացմանը ներկայացված պայմանագրի հետ նման նոտա կցված չի եղել: