Գերմանական Լայպցիգ քաղաքում փողոց են դուրս եկել հակաիսլամական շարժման մի քանի հազար հետևորդներ: Այս մասին տեղեկացնում է NPR-ը:
Ակցիայի կազմակերպիչները սպասում էին, որ ցույցին կմիանա շուրջ 40 հազար մարդ, սակայն, ինչպես փաստում են վկաները, մասնակիցների թիվը չի գերազանցել 10 հազարը: Տեղական ոստիկանության ներկայացուցիչները պաշտոնական տվյալներ դեռևս չեն հրապարակել:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են խստացնել ներգաղթային գործընթացը, մասնավորապես, Մերձավոր Արևելքի երկրներից ժամանողների համար:
Քաղաքում ողջ երեկո տիրել է լարված մթնոլորտ, քանի որ բացի վերոհիշյալ բողոքի ցույցից կազմակերպվել են նաև պատասխան ցույցեր: Ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ, հարյուրավոր ոստիկաններ ապահովում են հասարակական կարգի պահպանումը:
Բողոքի ակցիայի կազմակերպիչների թվում է «Հայրենասեր եվրոպացիները՝ ընդդեմ արևմուտքի իսլամացման» (PEGIDA) գերմանական կազմակերպությունը, որի ղեկավար Լուտց Բախմանը հրաժարական էր ներկայացրել Ադոլֆ Հիտլերի կերպարով իր լուսանկարի հրապարակումից հետո:
Նշենք, որ Գերմանիայում ներկայումս ապրում է 3,8-4,3 միլիոն մուսուլման, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 5%-ը: