Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ իր երկիրը կողմ է ԵԱՀԿ Մինսկի ձևաչափով Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացմանը, ասել է նա՝ Interfaks-ի հետ զրույցում` կապված ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ստանձնման հետ:
«Անկեղծ ասած, չէի ուզենա համակերպվել այն բանի հետ, որ որոշակի ֆատալիզմով այս հակամարտությունները սառեցված են անվանում. տարիներ շարունակ դրանցից մարդիկ են տուժում, արգելակվում է համապատասխան տարածաշրջանների զարգացումը: Փոքր, բայց հստակ քայլերով պատրաստվում ենք կայունացնել հրադադարի ռեժիմները, ամրապնդել վստահությունն ու հեշտացնել տեղական բնակչության կյանքը»,- ասել է նա:
Շտայնմայերը նաև անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի հաճախակի խախտման կապակցությամբ: